Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի նշանակմամբ Պորոշենկոն «օլիգարխներից ազատվելու գործընթաց» է սկսում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ներկայացնում է Օդեսայի մարզի նորանշանակ ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին, Օդեսա, 30-ը մայիսի, 2015թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ներկայացնում է Օդեսայի մարզի նորանշանակ ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին, Օդեսա, 30-ը մայիսի, 2015թ․

Մարգվելաշվիլին իր նախորդին մեղադրում է Վրաստանն ու նախագահության ինստիտուտը վիրավորելու մեջ:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումը Ուկրաինայի Օդեսայի մարզի ղեկավարի պաշտոնում դարձել է ռուսական մամուլում և համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը:

Ինքը Սաակաշվիլին Թվիթերում գրել է, թե ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց չի տալու: «Թող Սախալինի նահանգապետից հարցազրույց վերցնեն, ում տանը մեկ միլիարդ դոլար են գտել», - գրել է նա:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Վրաստանի «վարդերի հեղափոխության» առաջնորդ և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվեց Օդեսայի մարզի ղեկավար: Այդ պաշտոնում նրան առաջարկել էր Ուկրաինայի կառավարությունը ուրբաթ օրը, իսկ արդեն հաջորդ օրը նախագահը ստորագրեց հրամանագիրը: Պետրո Պորոշենկոն նախ Սաակաշվիլիին շնորհել է Ուկրաինայի քաղաքացիություն, իսկ հետո արդեն նշանակել մարզի ղեկավար:

Ուկրաինայի օրենքների համաձայն՝ Սաակաշվիլին կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը:

Ներկայացնելով Օդեսայի մարզի նորանշանակ ղեկավարին՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ երկրում սկսվել է օլիգարխներից ազատվելու գործընթաց:

Օդեսայի մարզի նախկին ղեկավար Իգոր Պալիցան իր պաշտոնանկությունը հանգիստ է ընդունել և ասել, որ համոզված է՝ Սաակաշվիլին հաջողությունների կհասնի: «Ես տեսել եմ՝ ինչ է արել Սաակաշվիլին Վրաստանում, ինչպես է փոխել երկիրը, հուսով եմ, որ նույնը տեղի կունենա նաև Օդեսայի մարզում», - ասել է նա:

Միխեիլ Սաակաշվիլին և Պետրո Պորոշենկոն ընկերներ են, միասին սովորել են Կիևի համալսարանում:

Սաակաշվիլին արդեն հայտարարել է, որ սկսել է նոր թիմ հավաքել: «Կարծում եմ՝ բոլոր տեղակալները պետք է փոխվեն, խորհուրդ չեմ տալիս այս կամ այն անձին լոբբինգ անել՝ ասելով, թե «ես նրան ճանաչում եմ, նրա հետ եմ աշխատել»: Եթե դու արդեն ինչ-որ խմբում ես, դու այդ խմբին ես ծառայում և ոչ ժողովրդին: Ես դա արդեն ուսումնասիրել եմ, Ուկրաինայում ամեն ինչ այսպես է աշխատում», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Վրաստանը Սաակաշվիլիի նախագահության օրոք ավելի հրապուրիչ և թափանցիկ էր նրա հակակոռուպցիոն ծրագրի շնորհիվ, և այդպիսին Պորոշենկոն ուզում է տեսնել իր երկիրը և Օդեսայի մարզը:

Արդեն հայտնի են Օդեսայի մարզի նորանշանակ ղեկավարի առաջին քայլերը․ Սաակաշվիլին մտադիր է կրճատել մարզի չինովնիկներին և արդեն մրցույթ է հայտարարել 24 շրջանների ղեկավարների պաշտոնների համար:

Ուկրաինացի մեկնաբան Վիտալի Պորտնիկովը գրում է․ - «Պալիցայի պաշտոնանկությունը Պորոշենկո - օլիգարխ Կալոմոյսկի կոնֆլիկտի շարունակությունն է»:

Ռուսաստանցի փորձագետներն էլ ենթադրում են, որ Օդեսայի մարզի ղեկավարի պաշտոնը կամուրջ է Սաակաշվիլիի համար դեպի Ուկրաինայի վարչապետի պաշտոնը: Ինքը Սաակաշվիլին արդեն հայտարարել է, որ նման ծրագրեր չունի:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին քննադատել է իր նախորդի նոր նշանակումը՝ ասելով, որ հրաժարվելով վրացական քաղաքացիությունից՝ Սաակաշվիլին վիրավորել է երկիրն ու նախագահության ինստիտուտը:

Հիշեցնենք՝ Վրաստանում նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցված, որով դատավարությունն արդեն մեկնարկել է: Սաակաշվիլին պնդում է, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն իրեն հետապնդում են քաղաքական պատճառներով:

XS
SM
MD
LG