Մատչելիության հղումներ

Արտաշատում Սերժ Սարգսյանի ներկայությամբ օծվեց վարչապետի կառուցած եկեղեցին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արտաշատում Սբ․ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բացման ժամանակ, 31-ը մայիսի, 2015թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արտաշատում Սբ․ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բացման ժամանակ, 31-ը մայիսի, 2015թ․

Եկեղեցու բացումը տեղի ունեցավ Արտաշատի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի օրերին: Միակ թեկնածուն վարչապետի որդի Արգամ Աբրահամյանն է։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացմանը ողջ իշխանական էլիտան էր մասնակցում՝ առանձին բացառություններով։ Հանգստյան օրը եկեղեցու բացմանն էին որոշել տրամադրել Ազգային ժողովի նախագահը, կառավարության անդամներ, պատգամավորներ, խոշոր գործարարներ, անգամ՝ հանրապետության նախագահը։ Եկեղեցու օծման արարողությունը մեկնարկեց Սերժ Սարգսյանի ժամանելուն պես։

Առաջին շարքում էին Հովիկ Աբրահամյանը կնոջ, որդու, հարսի, դուստրերի և փեսաների հետ։ Ամենայն Հայոց կաթողիկոսն անձամբ է օծում եկեղեցին՝ Աստծուց ժողովրդի համար խաղաղություն և ապահովություն խնդրելով։ Այդ ընթացքում անվտանգության ծառայողները ամենայն խստությամբ հսկում են եկեղեցու երեք դռները․ քաղաքացիների մուտքն արգելվում է:

Եկեղեցու բացումը ինչ-ինչ զուգադիպությամբ տեղի ունեցավ Արտաշատում քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի օրերին․ միակ թեկնածուն վարչապետի որդին է՝ Արգամ Աբրահամյանը։ Լրագրողների հետ զրույցից վերջինը հրաժարում է․ - «Կարծում եմ՝ այդ օրը չի, մեզ համար շատ սուրբ օր է»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով, եկեղեցին «ապաշխարելու» համար չի կառուցել, անունն էլ՝ Սուրբ Հովհաննես, միտումնավոր ընտրված չէ։

Եկեղեցին, ըստ պաշտոնական հաղորդագրության, կրում է Սուրբ Հովհաննես Ավետարանչի անունը։

«Կառուցել ենք Արտաշատ քաղաքի համար, մեր ժողովրդի համար: Եվս մեկ անգամ ուզում եմ ասեմ, որ մեր 12 մայրաքաղաքներից երկուսը այս տարածաշրջանում են՝ Արտաշատը և Դվինը: Արտաշատը, լինելով հինավուրց մայրաքաղաք, դրա համար մենք որոշում կայացրինք կառուցել այս գեղեցիկ տաճարը: Արտաշատի ժողովրդի համար, նաև մեր հայ ժողովրդի համար», - ասաց վարչապետը:

Սուրիկ Խաչատրյանին դեռ հասնել ու անցնել է պետք․ ասաց, որ 36 եկեղեցի է կառուցել ու վերանորոգել։ Տարբեր քրեական պատմությունների առանցքում հայտնվող Սյունիքի մարզպետը նույնպես այսօրվա հրավիրյալների շարքում էր:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չգիտեր՝ մարդիկ ինչու են եկեղեցի կառուցում․ - «Իրենցից հարցրեք: Ես չեմ կառուցում»:

Արտաշատում էր նաև «Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Չնայած քաղաքականությամբ չզբաղվելու Ծառուկյանի հավաստիացումներին, բարձրագույն ղեկավարության հետ լարվածությունը, կարծես թե, շարունակվում է․ Ծառուկյանը մյուսների նման ծայրեծայր ներկա չգտնվեց նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընթացող օծման արարողությանը, հիմնական ժամանակը եկեղեցու բակում անցկացրեց։

«Շատ տոթ էր, դուրս եկա դուրս՝ մի քիչ ժողովրդի հետ շփվեմ: Դե կմտնենք, հիմա տեղ չկա, հո մարդկանց չենք բան անելու մտնենք: Մենք տարաձայնություններ [նախագահի հետ] չունենք», - ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ իր գործն այլևս սպորտն ու բարեգործությունն են, քաղաքականություն չի վերադառնալու։

«Քաղաքական էջը իմ համար փակ է: Գնացեք, զբաղվեք ավելի կարկառուն քաղաքական գործիչներով, որ ավելի զարգացնեն, ավելի բարգավաճ սարքեն երկիրը, որ արտագաղթը կանգնի, երկրի վիճակը լավանա: Տեսաք՝ իմ մոտ չստացվեց, որովհետև արյուն պետք է թափվեր, իսկ արյան կողմնակիցը ես չեմ», - նշեց ԲՀԿ-ի նախկին ղեկավարը:

Ոչ մի նորություն Ծառուկյան ընտանիքին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներից։ Ծառուկյանի գրասենյակից «Ազատության»-ը պատասխանեցին՝ դրանք դեռ ընթացքի մեջ են։

Այսօր Արտաշատում էր նաև հայտնի գործարար, 2008-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հետապնդվող Խաչատուր Սուքիասյանը, ընդդիմադիրներից՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի կառավարության ղեկին է արդեն մեկ տարի: Մեր զրուցակից արտաշատցիներն ասում էին, որ իրենց կյանքն այդ ընթացքում չի բարելավվել:

Եկեղեցու բակում Աբրահամյանների անունից մատաղ բաժանվեց։

Կիրակի օրը Հայաստանի նախագահը ներկա է գտնվել նաև նորակառույց մեկ այլ՝ Սևանի քաղաքի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու օծման արարողությանը: Մայր Աթոռի բարերար ֆրանսաբնակ Սարգիս Պետոյանի ջանքերով կառուցված եկեղեցու օծման արարողությունը ևս հանդիսապետել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նորակառույց երկու եկեղեցիների նախագծերն էլ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանինն են:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG