Մատչելիության հղումներ

Այսօր Երևանում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հանրահավաք անցկացրեց:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներն այսօր «Ազատության» հրապարակում կայացած «Ոչ արտագաղթին, վերջ ռեժիմին» կարգախոսով հանրահավաքի ժամանակ հայտարարեցին՝ բանտերն իրենց չեն «կոտրել», իրենք չեն հուսալքվել ու շարունակելու են պայքարը մինչև «ռեժիմի հեռացումը»։

Ժիրայր Սեֆիլյանը կողմնակից է քաղաքական ուժերի հետ միասնական ճակատ ձևավորելու գաղափարին՝ նրանց, ովքեր ևս պայքարում են իշխանությունների հեռացման համար:

Շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն, ով անցած ապրիլին համախոհների հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով մոտ մեկ ամիս անցկացրեց բանտում, Ազատության հրապարակի հարթակից դիմեց քաղաքական այն ուժերին, որոնք հերթական ընտրությունների միջոցով հույս ունեն իշխանափոխություն անել։

«Դա ցնորք է, մի մոլորեցրեք մեր ժողովրդին», - հայտարարեց Սեֆիլյանը։

Իշխանությունների հեռացման համար պայքարի դուրս ելած ղարաբաղյան պատերազմի մասնակիցը իրենց նպատակի իրագործման համար կարևորեց թե՛ քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերի, թե՛ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։ Անուններ չնշելով՝ ասաց, թե համագործակցելու են այն քաղաքական ուժերի հետ, ովքեր մեղսակից չեն 2008-ի մարտի 1-ի հանցագործությանը և չեն սպասի արտահերթ ընտրությունների։

Սեֆիլյանը նաև նշեց, որ առանց իրենց ռազմավարությունից շեղվելու, հարկավոր է ձևավորել միասնական ճակատ․ - «Այս հարցով խոսել ենք, շարունակելու ենք խոսել քաղաքական ուժերի հետ: Կան գաղափարներ, ծրագրեր, որոնց շուրջ հնարավոր է գործակցել»:

Նրա ձևակերպմամբ, գաղափարներից մեկն էլ առանց քաղբանտարկյալների Հայաստանն է։

Մինչ բանտում հայտնվելը, Սեֆիլյանն ու համախոհները հայտարարում էին, թե «ռեժիմից» ազատման դեպքում միայն Հայաստանի առջև ծառացած խնդիրները կլուծվեն։ Հիմա արդեն նշում են՝ մինչև ռեժիմի հեռացումը որոշ հարցեր կարող են լուծել․դրանցից առաջնայինը, իրենց բնորոշմամբ, քաղբանտարկյալների ազատ արձակումն է:

«Այս հարցով կոնսոլիդացիա կա», - հայտարարեց Սեֆիլյանը:

Նա և նրա համախոհները համոզված են՝ այս տարի կկարողանան ազատվել իշխանություններից, ինչից հետո համախոհ քաղաքական ուժերի հետ կձևավորեն ստվերային կառավարություն ու դրանից հետո միայն ընտրությունների միջոցով կհասնեն նոր իշխանությունների ձևավորման։

«Այս իշխանությունների օրոք ընտրությունների անցկացմամբ ոչինչ չի փոխվի», - շարունակեց իշխանությունների քննադատ Սեֆիլյանը։

Նա, սակայն, իշխանությունների հեռացման կոնկրետ օր չնշեց, ասաց միայն, թե մոտ է այդ օրը, ինչի համար կարևորեց հասարակության վստահությունը․ - «Այդ օրը անակնկալ ենք պահելու»:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները հայտարարեցին, որ առանց քաղաքացիական զանգվածային անհնազանդության հնարավոր չէ ազատվել «ռեժիմից»։ Նման կոչ արեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը՝ ընդգծելով, որ բանտապետությունը չի կարող վախեցնել իրենց։

Շարժման անդամներից Վարուժան Ավետիսյանն էլ հայտարարեց՝ ձևավորելու են, այսպես կոչված, անհնազանդության պարտավորագիր՝ բոլոր ցանկացողները կարող են դրան միանալով՝ ազատվել «անօրինական» իշխանությունների ազդեցություններից՝ այդպիսով իրենց «լիակատար անհնազանդությունը ցույց տալով իշխանություններին»։

Ավետիսյանը նշեց, որ «ռեժիմից ազատվելուց» հետո, երբ կձևավորեն ստվերային կառավարություն, անցումային այդ փուլում մի շարք գործողությունների կդիմեն՝ օլիգարխներից հետ վերցնելով «անօրինական» ճանապարհով ձեռք բերված հարստությունը, կանցկացնեն համաներում և այլն։ Այս փուլից հետո կանցնեն ընտրությունների անցկացման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG