Մատչելիության հղումներ

ԼՂ-ի տրամադրած անտոկոս վարկից ոչ բոլոր փախստականները կարող են օգտվել


Վարկից օգտվելու համար պետք է աշխատավարձ ունենալ, սակայն բոլոր փախստականները չէ, որ ապահովված են մշտական աշխատանքով:

Տարեսկզբից Լեռնային Ղարաբաղի կառավարությունը սոցիալական որոշ խմբերի բնակարաններով ապահովելու ու բնակարանների վերանորոգման նպատակով տրամադրում է ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորմամբ և կանխավճարի տրամադրմամբ: Այդ խմբերի մեջ են մտնում նաև փախստականները, ովքեր պատերազմից երկու տասնամյակ անց շարունակում են բնակվել հանրակացարաններում ու պատերազմի հետևանքով վնասված տներում:

«Լեռնային Ղարաբաղի փախստականների» հասարակական կազմակերպության նախագահ Սարո Սարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե նույնիսկ պետության առաջարկած նման պայմաններով որոշ փախստականներ այդպես էլ հնարավորություն չունեն օգտվելու այդ աջակցությունից:

«Տոկոսը մարվում է պետության կողմից, բայց կարող են օգտվել միայն այն ընտանիքները, որոնք աշխատանք ու աշխատավարձ ունեն, բայց այս պահին ով աշխատավարձ չունի, բանկերը չեն տալու իրենց այդ գումարը: Մի կողմից առաջխաղացում կա, բայց դա վերաբերում է այն ընտանիքներին, որոնք աշխատավարձ ունեն», - ասաց Սարյանը:

Սարգսյանների ընտանիքն արդեն 20 տարի է, ինչ Շուշիում պետության տրամադրած բնակարանում են ապրում: Այս տարիների ընթացքում այդպես էլ ավերված բնակարանը վերանորոգելու համար ֆինանսական որևէ աջակցություն չեն ստացել: Ընտանիքի հայրը՝ Իգոր Սարգսյանը հույսը կորցրել է, թե երբևէ պետական որևէ աջակցություն կստանա ու սկսել է իր խնայողություններով բնակարանն ինքնուրույն վերանորոգել: Ասում է, որ պետության տրամադրած անտոկոս վարկից չեն կարող օգտվել․ կենցաղային խնդիրներն են մի կերպ հասցնում լուծել:

«Ո՞նց եմ փակում: Երկու երեխա ունեմ՝ մեկը 9-րդ, մեկը 7-րդ դասարանն են ավարտել, դպրոցների փողը, շոր, ուտելիք, ահագին բան է», - ասաց Իգոր Սարգսյանը:

Կարեն Միրզոյանն էլ է տարիներով սպասում, թե երբ իր ընտանիքին բնակարանով կապահովեն, այս ընթացքում վարձով է բնակվել: Քանի որ կինը զինված ուժերում է ծառայում, ժամանակավոր բնակարան են տրամադրել: Նա ևս պնդում է՝ պետության անտոկոս վարկը իր 60 հազար դրամ աշխատավարձով չի կարողանա փակել:

«Հիմա էլ ասում են՝ բանկից կարող ես որպես փախստական փող վերցնես, բայց ո՞նց եմ տալու էդ աշխատավարձով, տուն էլ պիտի կարողանաս պահես, ուտելը կա, լույսը, գազը: Կարող է գործ չլինի, բանկն էլ նորից էդ տունը վերցնի, ստացվի՝ էսքան տարի տամ, գործս կանգնեց՝ վերջ: 120 հազարից բարձր ժողովուրդը փող չի ստանում», - բողոքեց Միրզոյանը:

Փախստականների խնդիրներով զբաղվող կազմակերպության ղեկավար Սարո Սարյանի խոսքով, իրենք միջազգայնորեն փախստականի կարգավիճակ չունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է: Միջազգային կազմակերպությունները, ինչպես օրինակ Միավորված ազգերի կազմակերպությունն իրենց փախստական չի ճանաչում, հետևաբար՝ որևէ օժանդակություն նրանց տրամադրել չի կարող, միակ հույսը Ղարաբաղի իշխանություններն են:

XS
SM
MD
LG