Մատչելիության հղումներ

Ստեղծվում է կուսակցություն, որը տեսանելի ապագայում հավակնում է ստանձնել պետական իշխանությունը․ Փաշինյան


Կուսակցության առաջնային նպատակը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է։

Ժամեր առաջ հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընտրվեց վարչության կազմը: Վարչության ղեկավարի թեկնածուները երեքն էին՝ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը: Սիմոնյանն ու Փաշինյանը ինքնաբացարկ հայտնեցին: Փակ գաղտնի քվեարկությամբ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը:

Նորաստեղծ քաղաքական ուժի ղեկավարները հայտարարեցին՝ առաջնային նպատակը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է։

Առաջին ելույթը Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանինն էր: Նա ասաց, որ ժողովրդին պարտության չեն տանելու, և ընտրություններին հաջողության հասնելու համար իրենք պատրաստվում են Հայաստանով մեկ տարածքային կառույցներ ստեղծել, յուրաքանչյուր տեղամասում էլ դիտորդներ ունենալ։ Ինստիտուցիոնալ ընդդիմություն են լինելու, իշխանափոխության նախկին փորձերը ուսումնասիրել են՝ սխալները չեն կրկնելու։

«Այսօր ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի մի կուսակցություն, որ մտադիր չէ երկար մնալ ընդդիմության կարգավիճակում և հավակնում է տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեին արժանանալով և ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ծրագրերի և խոստումների մասին «Քաղաքացիական պայմանագիր»-ը կխոսի մեկ տարի հետո՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել նաև մյուս ընտրություններին: Հարցին, թե արդյոք նաև նախագահականին, Փաշինյանն արձագանքեց․ - «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեզ կտան փաստարկներ հետագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար»:

«Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր համագումարում Փաշինյանը քննադատեց գործող և նախկին իշխանություններին՝ ասելով, որ նրանք ժողովրդին զրկել են պետություն ունենալու և քաղաքացի լինելու վստահությունից․ - «Ընտրությունների շարունակական կեղծումներով, հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ոճրագործություններով հարված են հասցրել ժողովրդի ողնաշարին»:

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը զբաղեցրեց իր տեղը երկրորդ շարքում: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սա ևս մեկ ապացույց է, որ իրենց կուսակցությունում բոլորը հավասար են, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը «մարդ-կուսակցություն» չէ։ Պատգամավորի խոսքով, նոր ուժը քաղաքական դաշտ նոր դեմքեր է բերելու․ - «Մեր խնդիրն է, որ էս քաղաքական պրոցեսի արդյունքում հայտնի դառնան և ավելի հայտնի դառնան ուրիշ նոր մարդիկ»:

Հիմնականում երիտասարդներից կազմված կուսակցության մեծ մասը քաղաքացիական ակտիվիստներ են: Ասում են, որ միավորվել են, քանի որ ցանկանում են ուժեղ ընդդիմություն ստեղծել: Կուսակցության նորընտիր վարչության անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ընտրությունների ժամանակ երիտասարդներին ձայն կտան։

«Պետական համակարգին, որը վատ համակարգ է, փտած համակարգ է, բայց, այնուամենայնիվ, համակարգ է, համադրենք մեր համակարգը, որպեսզի հասարակ ընտրողը հասկանա՝ ինքը ինչը ինչի հետ է փոխում»:

Ֆեյսբուքում հայտնի Նավակ Ճոճողն էլ՝ Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ նոր գաղափարներ ունեն և այնպես են անելու, որ քաղաքական դաշտում գերիշխող չլինեն միևնույն անձինք․ - «Նոր ուժով ներկայանալու ենք հանրությանը, որը որ այս պահի դրությամբ միակ ուժն է, որը վարկաբեկված չէ ու կազմված է նման անդամներից»:

«Քաղաքացիական պայմանագրի» ամենատարիքով անդամներից մեկը 2008-ի մարտի 1-ից հետ ազատազրկված Սասուն Միքայելյանն է։ Նրա խոսքով՝ երկիրը խնդիրների մեջ թաղված է, պետք է ուժ լինի, որը կլուծի դրանք, այդ ուժը նրա կարծիքով երիտասարդներն են։

«Մենք եկել ենք էդ երիտասարդներին ճամփա բացենք, որ գնան դեպի ապագա: Ինձ ոչ մի բան պետք չի», - ասաց Միքայելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG