Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան նախկին խոսնակին մեղադրանք է առաջադրվել


Դենիս Հասթերթ, արխիվ
Դենիս Հասթերթ, արխիվ

Ըստ մեղադրանքի, նա համաձայնել է 3.5 միլիոն դոլար վճարել մի անձնավորության, որպեսզի վերջինս լռի իր անօրինական քայլերի մասին։

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ հանրապետական Դենիս Հասթերթի դեմ մեղադրանք է առաջադրվել` իր անօրինական գործողությունները թաքցնելու համար մեծ գումարներ վճարելու, բանկային հաշիվներից գումարները կանխիկացնելու պայմանները խախտելու և Հետաքննությունների դաշնային բյուրոյին ստելու մեջ։ Այս մեղադրանքները սպառնում են հինգ տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք։

Ըստ Ֆեդերալ իշխանությունների կողմից մայիսի 28-ին Չիկագոյում ներկայացված մեղադրանքի, նա համաձայնել է 3.5 միլիոն դոլար վճարել մի անձնավորության, ում անունը չի նշվում, որպեսզի վերջինս լռի իր անօրինական քայլերի մասին։

2010 - 2012 թվականների ընթացքում նա բանկային հաշիվներից 15 անգամ մեծ գումարներ է կանխիկացրել։ Մեղադրանքը չի բացահայտում, թե ինչ անօրինական քայլեր է փորձում թաքցնել Դենիս Հասթերթը, իսկ գումարներ ստացած անձնավորության մասին նշվում է, որ նա Չիկագոյից մոտ 50 մղոն հեռավորության վրա գտնվող Յորքվիլ քաղաքի բնակիչ է։ Մինչ կոնգրեսական դառնալը Հասթերթը այս քաղաքում 1965 -ից 1981 թվականը բարձր դպրոցի ուսուցիչ է աշխատել։

Associated Press-ի փոխանցմամբ՝ Հասթերթը մեկնաբանությունների համար անհասանելի էր, իսկ լոբիստական այն կազմակերպությունից, որտեղ նա աշխատանքի էր անցել 2007 թվականին Կոնգրեսից հեռանալուց հետո, ասել են, թե նա հրաժարական է տվել։

Հասթերթը ներկայացուցիչների տանը խոսնակ է եղել 1999 թվականից մինչև 2007 թվականը։

Հիշեցնենք՝ Ներկայացուցիչների տան նախկին խոսնակի անունը ժամանակին կապվել է նաև Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի հետ։ 2000 թվականին բանաձևը պետք է քննարկվեր Ներկայացուցիչների տան լիագումար նիստում, սակայն վերջին պահին Հասթերթը այն հանել է քվեարկությունից։

Տարիներ անց ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյում նախկին թարգամանիչներից մեկը մամուլում ասել էր, որ ինքը ձայնագրված հեռախոսային խոսակցություն է թարգմանել թուրքերենից անգլերեն, որից կարելի է ենթադրել, որ Ներկայացուցիչների տան խոսնակը օտարերկրյա քաղաքացիներից, մասնավորապես՝ թուրքերից, կես միլիոն դոլարի նվիրատվություններ է ստացել կանխելու համար Հայոց ցեղասպանությունը չանաճելու բանաձևի քննարկումը Կոնգրեսում։ Այս հրապարակումից հետո ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններից մեկը պաշտոնապես դիմել էր Դաշնային ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով պարզել, թե Հասթերթը որտեղից է ստացել կես միլիոն դոլարը։

Իսկ նրա մամուլի քարտուղարը հայտարարել էր, թե հայկական բանաձևը հանվել էր նախագահ Բիլ Քլինթոնի խնդրանքով։ Նա պնդել էր, որ Հանրապետական կուսակցության անդամ Հասթերթին փորձ է արվում վարկաբեկել դեմոկրատների ճամբարին պատկանող ոչ կառավարական կազմակերպության կողմից։

Հիշեցնենք՝այս վերջին պնդումները և հերքումները տեղի են ունեցել մոտավորապես տասը տարի առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG