Մատչելիության հղումներ

logo-print

Նոր Կյանքի ուսուցիչները հրաժարվում են աշխատել դպրոցի տնօրենի հետ


Ուսուցիչներն ասում են՝ նոր տնօրենը պարբերաբար նշում է, որ ինքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է և վախենալու բան չունի։

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի 38 ուսուցիչներից 30-ը հրաժարվում է աշխատել նոր տնօրենի հետ։

Նրանք այսօր դպրոցի փոխարեն եկել էին Երևան՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Պնդում են՝ տնօրեն Արամ Ստեփանյանը ոտնահարում է իրենց իրավունքները, առանց հիմնավորման աշխատանքից հեռացնում է ընդդիմախոսներին, մյուսներին էլ ստիպում է հեռանալ սեփական դիմումի համաձայն:

«Բոլորիս ներկայությամբ ուսումնական գծով տեղակալին ստիպեց, որ դիմում գրի և հրաժարվի՝ պատճառաբանելով, որ ինքը չի աշխատում։ Այնինչ ինքը ընդհանրապես տեղյակ չէ, թե ուսուցիչներն ինչ են անում։ Եթե դպրոցում աշխատել է, ապա ուսմասվարն է աշխատել»,- ասաց ուսուցչուհի Նունե Մարտիրոսյանը։

«Ինքը ծնողական ժողովներին հայտարարում է, որ այս դպրոցի 90 տոկոսին պետք է փոխի, նոր ուսումնական տարին նոր մարդկանցով պիտի սկսի։ Այսինքն մենք էսքան տարի ոչի՞նչ չենք արել այդ դպրոցում»,- ասաց մեկ այլ ուսուցիչ։

Մանկավարժների խոսքով՝ անցած սեպտեմբերին դպրոց եկած տնօրենը աշխատանքի է ընդունում իր մերձավորներին, քարտուղարուհին, օրինակ, կինն է։ Հեռացված փոխտնօրենը պնդում է, որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում դպրոցի ղեկավարը մանկավարժական խորհրդի նիստ չի հրավիրել, ուսումնական պլան չի կազմել, աշխատավայրում գրեթե չի լինում, եղած ժամանակ էլ աշակերտների, ուսուցիչների հետ անհարգալից, անգամ հայհոյանքներով է խոսում:

«Ասում ենք՝ դասաբաշխում, ասում է՝ ես չեմ հասկանում, դուք երկար տարիների փորձ ունեք գնացեք, դասաբաշխումն արեք։ Ինչ հարցնում ես՝ ասում է չգիտեմ, զանգե՞մ մամային հարցնեմ»։

Ուսուցիչների խոսքով, նոր տնօրենը պարբերաբար նշում է, որ ինքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է և վախենալու բան չունի.- «Ասում է՝ իմ դեմ կանգնած ցանկացած պատ ես ձեռքով կհրեմ, իմ դեմ ոչ մեկը չի կարող ոչինչ անել»։

«Իմ թիկունքին կանգնած է վարչապետը, եթե իմ դեմ ելաք, ձեզ հեռացնելու եմ։ Ուսումնադաստիարակչական որևէ աջակցություն իր կողմից մենք չենք ստացել»։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի համար զարմանալի չէ տնօրենի նման պահվածքը։ Ըստ նրա՝ շատ են դպրոցները, որտեղ ուսուցիչներին բարձրաստիճան հովանավորներով են վախեցնում: Բախշյան ուսումնասիրել է նորանշանակ ղեկավարի կենսագրությունն ու վստահեցնում է՝ դպրոցի տնօրենի համար Ստեփանյանը ոչ համապատասխան կրթություն ունի, ոչ էլ աշխատանքային փորձ։

«Ո՞վ է իրավունք տվել՝ վարչապետ, նախարար, չգիտեմ էլ ով, էս մարդուն էսպիսի թևեր տալ։ Մենք պահանջում ենք, ասեք, որ դուք իր հովանավորը, իր մեջքը չեք։ Թող վայր ընկնի, գրողը տանի»,- զայրացավ Բախշյանը։

Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ զրուցել չհաջողվեց, նա չպատասխանեց մեր զանգերին։

Այցելեցինք Նոր Կյանք. թեև աշխատանքային ժամ էր, սակայն դպրոցը գրեթե դատարկ էր, տնօրենի դուռն էլ կողպված, տեղում չէր նաև նրա քարտուղարուհի կինը: Միակ պատասխանատու անձը հաշվապահն էր, որին ևս նոր տնօրենն է աշխատանքի է ընդունել։ Նա նկարահանվել չցանկացավ, միայն նշեց, որ աշխատանքից հեռացվածների մեղադրանքներն անհիմն են, իսկ տնօրենը շատ կարևոր գործերով բացակայում է գյուղից։

«Կանչել են դատախազություն»,- ասաց հաշվապահը։

Երևան եկած ուսուցիչների գանգատները լսեց օմբուդսմենի տեղակալն ու խոստացավ հետևողական լինել։ Մինչ այդ Նոր Կյանքի ուսուցիչները սպառնում են՝ մեկ անգամ արդեն գործադուլ են արել, ու հիմա էլ դպրոց մուտք չեն գործի անգամ քննությունների ժամանակ, քանի դեռ տնօրենի հարցը չի լուծվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG