Մատչելիության հղումներ

Հրաչ Բերբերյան․ Անարատ կաթի անվան տակ մատուցվում է կաթի փոշուց պատրաստված կաթնամթերք


Համացանցում տասնյակ առաջարկներ կան՝ անսահմանափակ քանակի կաթի փոշի մատակարարելու վերաբերյալ, մեկ կիլոգրամը՝ 1000-2000 դրամով։

Կաթի փոշու առևտրով զբաղվող գործարարներից մեկը հավաստիացրեց, թե փոշին պիտանի է ցանկացած կաթնամթերք, այդ թվում թթվասեր ու պանիր պատրաստելու համար։ Ասաց, թե առաջին խմբաքանակը ներկրել է անցած տարեվերջին և իրացման հարցում խնդիրներ չի ունեցել և չունի, իսկ գնորդների շարքում անգամ վերամշակող խոշոր ընկերությունների անուններ տվեց։

Նույն կայքում հայտարարություն տեղադրած մեկ այլ գործարար նույնպես պնդեց, որ համագործակցում է խոշոր ընկերությունների հետ, որոնք կաթի փոշին օգտագործում են պանրի արտադրության մեջ․ - «Անյուղ կաթի փոշի է, նախատեսված է հենց պանրի արտադրության համար»:

Խանութներում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հայկական արտադրության կաթնամթերքի մեծ մասի վրա կաթի փոշու առկայության մասին կա՛մ որևէ նշում չկա, կա՛մ էլ պարզ չէ, թե բաղադրության քանի տոկոսն է անարատ կաթից և քանիսը՝ փոշուց։ Պանրի դեպքում, որը սպառողը հիմնականում ձեռք է բերում կտորներով, ընդհանրապես մակնշում չի երևում։

Մինչդեռ «Սննդի անվտանգության մասին» օրենքով ու կառավարության որոշմամբ պարտադիր է նշել բաղադրությունը տոկոսային հարաբերակցությամբ։

Անասնապահությամբ զբաղվող ավելի քան 500 գյուղատնտեսների շահերը պաշտպանող Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը լուրջ կասկածներ ունի, որ կաթ վերամշակող ընկերություններն արտադրության մեջ չարաշահում են օգտակար նյութերով ոչ հարուստ չոր կաթն ու գերշահույթներ ստանում․ - «Մեր սպառողին անարատ կաթի անվան տակ մատուցվում է կաթի փոշուց պատրաստված թթվասեր, կաթ․․․ Յուղայնություն չկա այդ փոշու մեջ: Այստեղ տեղի է ունենում ազգաբնակչության խաբեություն: Հատկապես երբ տեսնում ենք, որ փաթեթավորման վրա նշված է լինում՝ անարատ կաթից և այլն, և այլն»:

Վիճակագրությունը փաստում է, որ 2014 թվականի վերջին միջազգային շուկայում կաթի փոշու գինը նվազել է, և նույն այդ ամիսներին էլ ավելացել են կաթի փոշու և խտացրած կաթի ներմուծման ծավալները։ Անցած տարի Հայաստան է ներմուծվել մոտ 4000 տոննա կաթի փոշի ու խտացրած կաթ՝ նախորդ տարվանից 45 տոկոսով ավելի։ Մեկ կիլոգրամ կաթի փոշուց ստացվում է 8-10 լիտր կաթ, ինչն ավելի ձեռնտու է արտադրողների համար։ Ըստ գյուղացիների, սա է պատճառը, որ վերջին ամիսներին վերամշակող ընկերությունները գյուղերից կաթ չեն մթերում, իսկ մթերելիս՝ նվազեցնում են գինը։

Սոթք գյուղում 100 գլուխ անասուն ունեցող ֆերմեր Վարդան Հայրապետյանը վստահ է, որ խանութներում վաճառվող կաթնամթերքը մեծամասամբ կաթի փոշուց է:

Հայրապետյանը կովերի հարկադիր մորթ է սկսել։ Ասում է, որ ստիպված է հարմարվել վերամշակող ընկերությունների սահմանած խաղի կանոններին․ - «Միշտ հունիս ամսին են սկսել իջեցնել 10-ական դրամով, բայց այս տարի փետրվարից սկսեցին իջեցնել»:

Սննդի անվտանգության պետական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ վերջին անգամ կաթ վերամշակող ընկերություններում ստուգումներ անցկացրել են անցած տարի։ 81 կազմակերպություններից միայն 8-ում խախտումներ չեն եղել։ Նշանակվել են տուգանքներ: Հաջորդ ստուգումը պետական ծառայությունը կարող է իրականացնել միայն մեկ տարի անց։

Ֆերմերների շահերի պաշտպան Հրաչ Բերբերյանը պատրաստվում է անասնապահությամբ զբաղվող գյուղատնտեսների անունից դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ կաթի շուկայում մրցակցային պայմանները ստուգելու պահանջով։

Մինչ պետական հանձնաժողովը կանի իր եզրակացությունը կամ ստուգող մարմինը կհայտնաբերի խախտումները, անհայտ է մնում, թե անարատ կաթի ու բնական մթերքի անվան տակ ամեն օր խանութներում ինչ է վաճառվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG