Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումում, որին մասնակցել է նաև Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադարձ է կատարվել արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացիների աշխատանքային սահմանափակումների վերացման, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում հաշվառման և անարգել աշխատելուն առնչվող հարցերին:
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջադիմական փորձի կիրառման հնարավորությունը՝ ոչ միայն ազատական օրենսդրության, այլև արդարադատության ոլորտում գործող էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունների կիրարկման հարցերում:
Ֆորումի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի և Ղազախստանի արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի և Բերիկ Իմաշևի հետ: Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության հեռանկարները: