Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյան. «Մայիսին սահմանային լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է»


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Մայիսին սահմանային լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է, այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարությունում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Խորհրդակցությունը նվիրված էր 2015 թվականի մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և միջոցառումների քննարկմանը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը ներկաներին հորդորել է «չտրվել հարաբերական անդորրի խաբուսիկ գայթակղությանը և լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատարելագործման միջոցառումներին»:

Նախարարը կոչ է արել առավել կենտրոնացնել ջանքերը՝ «հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար»:

Խորհրդակցության մասնակիցների ուշադրության կենտրոնում էին նաև առաջիկայում անցկացվելիք զորավարժությունների, ռազմամարզական հավաքների կազմակերպչական խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցերը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, 2016 - 2020 թվականների Զարգացման պլանի շրջանակում կատարվող աշխատանքները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից հատուկ ցուցում է տրվել նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներին՝ զինծառայողների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները մանրակրկիտ ուսումնասիրելու, համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ տանելու, ինչպես նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնները խստորեն պահպանելու ու վերահսկելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG