Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեպքում կառավարությունը կօգնի անապահովներին


Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումից հետո կառավարությունը հաշվարկներ կանի և կօգնի սոցիալապես անապահով խավերին, այսօր խորհրդարանում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած հերթական թանկացման ժամանակ կառավարությունը օգնել էր՝ 1000 դրամ տալով անապահով ընտանիքներին։

«Անցյալ տարվա օգոստոսի 1-ից ավելացվեցին անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին տրվող ընտանեկան նպաստները 1000 դրամով, և սոցիալապես խոցելի 105 հազար ընտանիքների տրամադրվեց լրացուցիչ աջակցություն։ Գնահատականների համաձայն՝ անցյալ տարվա սակագների բարձրացման ազդեցությունը շուրջ 700 դրամի կարգի էր»,- ասաց նախարարը։

Թե այս տարվա հնարավոր թանկացումից հետո կառավարությունը ինչքանով կօգնի անապահովներին, Ասատրյանը դժվարացավ ասել։ Նախորդ տարվա թանկացման ժամանակ հանրապետականները պնդում էին, որ 1000 դրամը դեռ մի բան էլ ավելի է, քանի որ կառավարության հաշվարկներով թանկացումը ընդամենը 730 դրամով է ավելացնում ծախսերը։

Հաշվարկների հեղինակը Էկոնոմիկայի նախարարությունն էր։ Այսօր հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ այս տարվա թանկացման դեպքում էլ հաշվարկները նույն գերատեսչությունն է կատարելու՝ նույն սկզբունքով։

«Կանխատեսումներով էր արված՝ այդ թանկացումը ինչ մոտավոր թանկացումներ կարող է բերել և մեկ շնչի վրա ինչ ազդեցություն կարող էր ունենալ, դա Էկոնոմիկայի նախարարության հաշվարկն էր, և բազմիցս քննարկվեց։ Ինձ թվում է, որ այդ գումարները ծախսածածկ էին։ Ինձ թվում է, որ արդարացված հաշվարկներ էին»,- ասաց իշխանական պատգամավորը։

Նախորդ տարվանից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ օգնության մասին խոսելով իշխանությունները պարզապես փորձում են մարդկանց հանգստացնել, մինչդեռ իրենց ուսումնասիրությունները փաստում են՝ նախորդ տարի տրամադրված 1000 դրամը մարդկանց չի օգնել, չի բավարարել նույնիսկ էլեկտրաէներգիային, ուր մնաց մյուս ապրանքներին, որոնց գները ևս բարձրացան հոսանքի թանկացումից հետո։

Նախաձեռնությունը վստահ է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հայտը հիմնավոր չէ, քանի որ բազմաթիվ աղմկահարույց փաստեր ի հայտ եկան, և անգամ էներգետիկայի նախարարն էլ հայտարարեց, որ ՀԷՑ-ում գողություն է եղել։

«Դա հանցագործության մասին հայտարարություն էր։ Հենց այդ խոսքից հետո դատախազությունը պիտի անմիջապես անցնել գործ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ Երվանդ Զախարյանը, ոչ Ռոբերտ Նազարյանը իրենք իրենց ոչ մի բան չեն անում։ Բոլոր խոսքերն ու հրամանները գալիս են վերևից՝ Սարգսյան Սերժից և Աբրահամյան Հովիկից։ Դրա համար մեր պահանջը կարճ կոնկրետ ձևակերպված ուղղված է հենց իրենց։ Մենք պահանջում ենք իրենցից։ Որովհետև ականատեսը եղել ենք Մաշտոցի պուրակի պատմությանը, իրենց խոսքը «հրաշքներ» է գործում»,- ասաց ակտիվիստը։

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ իրենք թանկացման դեմ բողոքին ծանոթ են, բայց դա չի նշանակում, որ պետք է հանրության թելադրանքով շարժվեն, հաշվի են առնում նաև պետության շահը։ Թանկացման հայտը պետք է քննարկվի, ասաց նա։

«Պարզապես սիրողական ցանկություն է դա, այսինքն ի՞նչ է նշանակում՝ եթե իմանանք, որ Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը պետք է լծակներ ունենան, ձեռքը խփեն սեղանին և կասեցնեն, բայց դա կարող է բերել համակարգի քայքայմանը։ Այլ բան է, որ մենք պահանջ դնենք, որ վերահսկողությունը ավելի ուժեղացնենք, հասկանանք ինչ է կատարվում»,- ասաց Բաղդասարյանը։

Սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին միացած Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդհանրապես դեմ է խոսել բյուջեի հաշվին անապահովներին օգնելու մասին. պնդում է՝ ոչ թե դեմ են օգնությանը, այլ կարծում են, որ ՀԷՑ-ում պետք է դադարեցվի գողությունը, ինչից հետո արդեն ոչ թանկացման կարիք կլինի, ոչ էլ անապահովներին օգնելու։ Զուրաբյանը վստահ է՝ իշխանությունները շատ արագ կարող են ամեն ինչ շտկել։

«Բայց դրա համար պետք է կտրեն էն ծառը, որի վրա նստած են, որովհետև այդ կոռուպցիոն սխեման, որը բերել էր միլիոնավոր դոլարների պարտքերի կուտակմանը, իրենք այդ կոռուպցիոն սխեմայի մեջ կան։ Եթե չլինեին, շատ վաղուց դրա դեմն առել էին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG