Մատչելիության հղումներ

logo-print

ՏԿԱԻՆ-ը այս տարի գազալցակայաններում «պայթյուն առաջացնող որևէ խախտում չի հայտնաբերել»


Ռուբեն Բադեյանի խոսքով, գազալցակայաններ չկան, որոնք «զլացել են փորձաքննություններից»։

Այս ամիս գազալցակայաններում տեղի ունեցած երեք պայթյունների արդյունքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Մինչդեռ օբյեկտներում վերահսկողություն իրականացնող Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունն (ՏԿԱԻՆ) այս տարի ստուգումների ընթացքում «վթարի սպառնալիք առաջացնող որևէ խախտում չի հայտնաբերել»։

Նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը պնդում է, որ հիմնական մեղավորները վարորդներն են, ովքեր փորձաքննության չեն տանում գազաբալոնները։

«90 տոկոսով վարորդների մեղավորությունն է, այսինքն՝ վարորդը տեղյակ չէ։ Կոնկրետ ՀԱԹ-ում պայթած բալոնը ուներ դեֆեկտ, եթե վարորդը ներկայացներ փորձարկումների, անպայման բալոնը կբացվեր, կտրաքեր, գոնե իր մեքենան շարքից դուրս չէր գա։ Գառնիի դեպքում նույնպես՝ նույնիսկ պարզվեց, որ մեքենան է շահագործումից դուրս բերված», - ասաց Բադեյանը։

Ինչպես վարորդները, այնպես էլ գազալցակայանների սեփականատերերը իրենք պետք է դիմեն գազաբալոնների և մյուս սարքավորումների տեխնիկական անվտանգությունը ստուգելու համար։

Նախարության փորձագետը նշում է՝ հրդեհված վերջին գազալցակայանում 2010 թվականից փորձաքննություն չի անցկացվել, սեփականատերը՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն, ինքը չի դիմել։

Մինդեռ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երկու օր առաջ՝ Կառավարության նիստում զեկուցեց, որ գազալցակայանում, վեց ամիս առաջ իրականացված ստուգումների ընացքում խախտումներ են հայտնաբերվել, որոնց համար տուգանք է նշանակվել։

«Տվյալ գազալցակայանը մեր կողմից վեց ամիս առաջ տուգանվել է մեկ միլիոն դրամ, այնտեղ եղել են բազմաթիվ թերություններ, որ պետք է վերացնեին, սակայն չեն արել, ես երեկ արդեն հանձնարարել եմ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքներն ավելի ակտվիացնել», - ասաց Երիցյանը։

Նախկին պագգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց, որ տեղյակ չէ՝ իր գազալցակայանում ստուգում իրականացվել է, թե՝ ոչ, բայց չբացառեց, որ խախտումներ եղել են։

«Դուք գիտեք ես ձերբակալված եմ եղել, դրանից հետո դուրս եմ եկել, զբաղվել եմ իմ առողջական խնդիրներով, ընդհանրապես չեմ զբաղվել, բայց հնարավոր է, որ նման բաներ եղած լինի, հնարավոր է, որ թերություններ եղած լինեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ հավելելով. - «Եթե նախարարն ասում է, որ խախտումներ եղել են, ուրեմն ճիշտ է ասում»։

Հակոբ Հակոբյանը նաև նշեց, որ տուժածներից որդու և աշխատողի վիճակը համեմատաբար լավ է, իսկ եղբայրը գտնվում է կայուն ծանր վիճակում։

Էկոնոմիկայի նախարարությունը հնարավոր վթարները կանխելու համար դեռ 2008 թվականից գազալցակայաններում սկսեց բաշխիչ աշտարակներ տեղադրել, որոնց միջոցով վերահսկվում է գազի ճնշումը, ջերմաստիճանը և այլ չափորոշիչներ։

Արթուր Ղազարյանը, ով նախկինում տեխնիկական անվտանգության փորձագետ է եղել, պատմում է, որ իրենք դեմ էին դրան, և խնդրի այլ լուծում էին առաջարկում։

«2008 թվականին ասել եմ, որ բաշխիչ աշտարակները հարցի լուծում չեն, պայթյունները չի վերանա, իրանք արեցին դա, վերացա՞վ, չվերացավ։ Ես բառացի գրել էի, որ եկեք ՄԱԿ-ի կողմից ընդունված կանոնակարգերը ընդունենք նաև Հայաստանում. ավտոմեքենաների վրա, եթե մենք եվրոպական չափանիշն ենք վերցնում, բալոնի փականի վրա տեղադրվում է հատուկ ճնշման կարգավորիչ, մարդկային գործոնը ընդհանրապես վերանում է, եթե մարդը ուզենա ավտոմեքենան լիցքավորի 200 ճնշումից բարձր, էդ գազն ուղղակի օդ է բարձրանում», - ասաց Ղազարյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սիրանուշ Զաքարյան պնդում է տեխնիկական ինչ նորամուծություններ էլ կիրառվեն, ոլորտում վերահսկողությունը թույլ է, ու թեև ստուգման իրավասություն ունի միանգամից մի քանի պետական կառույց, բայց շատ հաճախ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։

«Ամենամեծ խնդիրն այն է, որ այսքան տուժածների դեպքում չկա մեկը, ով պատասխանատվության ենթարկվի», - ասաց նա՝ հավելելով. - «Վերջիվերջո չպարզվեց՝ ո՞վ էր մեղավորը, ո՞ր պետական մարմի թերացման պատճառով էս ամեն ինչը տեղի ունեցավ, և որևէ մեկը գոնե աշխատանքից ազատվեր, կամ որևէ մեկը տույժ ու տուգանքի չենթարկվեց։ Ու վերահսկողության էս խառը, նույնիսկ բացակայության պարագայում, մենք ունենք այս արդյունքները»։

XS
SM
MD
LG