Մատչելիության հղումներ

Նախագահն այցելեց Վայոց Ձորի մարզ


Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոցի բացումը, լուսանկարը՝ նախագահականի

Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոցի բացումը, լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ:

Նախագահը ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ընկերության բացման արարողությանը: Անասնապահական այս համալիրը՝ նախատեսված խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար, հիմնադրվել է 2013 թվականի սեպտեմբերին, շինարարական աշխատանքներն ավարտվել են անցած տարվա դեկտեմբերին: Համալիրը հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այս նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից պլանավորվում է տարեկան ստանալ մինչև 1.16 միլիոն կիլոգրամ կաթ:

Նորաբաց համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և իր տեխնիկական հագեցածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Համալիրն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատողներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազար դրամ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին և ընկերության զարգացման ծրագրերին: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում միության անդամ երկրներում և հատկապես Ռուսաստանում: Գործարանի արտադրական հզորությունը, սակայն, բավարար չէ ամբողջությամբ ապահովելու արտահանման պահանջարկը: Խնդրի լուծման նպատակով ընկերությունը որոշում է կայացրել կառուցել նոր գործարան և գնել ժամանակակից շշալցման և փաթեթավորման հոսքագծեր: Ծրագիրն սկսվել է 2015 թվականի ապրիլին և նախատեսվում է ավարտել 2016-ի առաջին եռամսյակում: Նախագահին ներկայացրել են, որ նոր հոսքագծերը հնարավորություն են տալու գործնականում ամբողջությամբ ավտոմատացնել արտադրական գործընթացները և զգալիորեն մեծացնել արտադրական ծավալները:

Նախագահն այնուհետև մեկնել է Ջերմուկի նորակառույց «Հայաթ Փլեյս» հյուրանոց և ներկա գտնվել հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով նախանշված` «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» Կառավարության 2008 թվականի որոշման շրջանակում մշակված Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի հիմնական նպատակն է քաղաքը դարձնել ամբողջ տարի գործող միջազգային պահանջներին համապատասխան առողջ և ակտիվ կենսակերպի, պատմամշակութային զբոսաշրջային կենտրոն, որին է ուղղված նաև նորաոճ և հանրահռչակ բրենդին հարիր բարձրակարգ սպասարկմամբ «Հայաթ Փլեյս» նոր հյուրանոցի գործունեությունը: Հյուրանոցային համալիրի կառուցումն սկսվել է 2009-ի վերջերին և ավարտվել այս ամիս: Այն բաղկացած է կենտրոնական և երկու` հարավային ու հյուսիսային մասնաշենքերից: Շինությանը հարող շուրջ 1 հեկտար մակերեսով տարածքը բարեկարգվել է և ծառայելու է որպես հանրային օգտագործման կանաչ գոտի: Հյուրանոցային համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 12 հազար քառակուսի մետր: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11.5 միլիարդ դրամ: Համալիրի կազմում նախատեսված են ժամանցի և հանգստի գոտի, SPA կենտրոն և ջրաբուժարան` Ջերմուկի հանքային ջրով բուժական լոգարաններով, մարզադահլիճ, լողավազան և շոգեբաղնիք, մանկական սենյակ, բիզնես կենտրոն, ռեստորան, կոնֆերանս դահլիճներ: Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոցը Եվրոպա տարածաշրջանում բացված թվով երրորդ հյուրանոցն է, նշված է նախագահականի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG