Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտպանության նախարարի կինը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին


Ռուզաննա Խաչատրյանը պահանջում է հերքել տեղեկությունները, թե իր անունը կապվում էր գործարար Փայլակ Հայրապետյանի որդու մահվան հետ։

Պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին՝ պահանջելով ներողություն խնդրել պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար։

Սեյրան Օհանյանի տիկինը, որպես փոխհատուցում, գումար չի ուզում, փոխարենը դատարանից պահանջում է՝ պարտավորեցնել թերթին, հերքել տեղեկությունները, որոնց համաձայն, նախարարի տիկնոջ անունը կապվում էր գործարար Փայլակ Հայրապետյանի որդու՝ Հովիկ Հայրապետյանի մահվան հետ։

Փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով, մինչև դատարան դիմելը, հայցվորը մեկ անգամ արդեն հերքման տեքստն ուղարկել է խմբագրություն, սակայն, այն չի հրապարակվել։

«Ակնհայտ սուտ տեղեկություն. «Հրապարակ»-ը, որը լրատվամիջոց է, նման տեղեկություն տարածելով, ամսաթիվ և անուն չնշելով, այսինքն՝ մահացածի անունը, բայց անգամ փորձ չէր կատարվել իմ վստահորդից ճշտելու՝ նման բան եղել է, թե՝ ոչ», - ասաց Մեժլումյանը։

Հոդվածների հեղինակ, լրագրող Սյուզան Սիմոնյանն այսօր պնդեց, որ այս տեղեկությունը գրել է՝ վկայակոչելով այլ աղբյուրներ։ Նա նաև նշեց, որ աշխատել է պահպանել լրագրության կանոնները՝ տպագրելով նաև նախարարի տիկնոջ ու նրա ղեկավարած կազմակերպության տեսակետները։

Փաստաբանի հարցին, թե ինչո՞ւ թերթն իրենց պատասխանը չի հրապարակում, Սյուզան Սիմոնյանը պատասխանեց. - «Որովհետև դուք գնացիք դատարան։ Որովհետև դուք գրել եք, որ չճշտված տեղեկություններ ենք տարածել. որն այդպես չի, դուք գրել եք, որ մենք չենք ճշտել Ռուզաննա Խաչատրյանի հետ, այնինչ, նույն հրապարակման մեջ գրված է, որ Ռուզաննա Խաչատրյանը հերքել է, և նրա ֆեյսբուքյան էջից արված է մեջբերում»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ նախարարի տիկինը, սակայն, համաձայն չէ լրագրողի այս դիտարկումների հետ։ Մեժլումյանը նշեց, որ «Հրապարակ»-ի հոդվածներում, որտեղ, ըստ լրագրողի, ապահովված է բազմակարծությունը, Ռուզաննա Խաչատրյանի խոսքերն անգամ բացասական երանգով են ներկայացվել։

Փաստաբանը, վկայակոչելով օրենքները, պնդեց՝ լրատվամիջոցը պարտավոր է հերքման իրենց տեքստը տպագրել։ Այս հարցով գլխավոր դատախազին է դիմել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով իրեն, իր ընտանիքն ու պաշտպանական գերատեսչությունը վարկաբեկող հրապարակումների փաթեթ։ Դատախազությունը փաստաթղթերն ուղարկել է Ոստիկանություն ընթացք տալու համար։

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, սակայն, անդրդվելի է, չի պատրաստվում հերքում տպագրել։

«Նոր տեղեկություն մենք չենք հրապարակել, որևէ մեղադրանք, որևէ փաստ, որևէ քայլ, արարք չենք արել, որը որ վերագրվի միայն մեզ։ Կարծիք, լրագրողի վերլուծություն, թե ինչու է հանրությունը հետաքրքրված պաշտոնյաների և նրանց մերձավորների կյանքով, կենսագրությամբ, ընդամենը այդպիսի վերլուծություն», - ասաց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը։

Պարբերաբար դատական քաշքշուկների մեջ հայտնվող «Հրապարակ»-ի խմբագիրը պնդում է՝ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները պետք է հանդուրժեն նաև հասարակության քննադատությունը։

«Եթե Սեյրան Օհանյանը չի հանդուրժում, որ այդպիսի մի փոքրիկ հրապարակում լինի իր կնոջ, իր անձի հետ կապված, դա ինձ համար ցուցանիշ է, դա ցույց է տալիս, թե այդ պաշտոնյան, եթե ավելի մեծ լիազորություններ ունենա, ինչ կարող է տեղի ունենալ մամուլի հետ ընդհանրապես», - ասաց Արմինե Օհանյանը։

XS
SM
MD
LG