Մատչելիության հղումներ

Նախարարը էլեկտրաէներգիայի գնի կտրուկ բարձրացում չի կանխատեսում


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու «Հայկական էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հայտն ամբողջությամբ կբավարարվի։

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեկվա բողոքի երթին՝ Զախարյանն ասաց՝ հասկանում է բոլոր ցուցարարներին, բոլոր դժգոհող քաղաքացիներին։ Հոսանքի գնի բարձրացում նախարարն էլ չի ուզում։

«Կան սոցիալական հարցեր, որոնք իրոք անհանգստացնում են մեր քաղաքացիներին»,- ասաց նա։

Զախարյանն ասաց՝ ներկայացված հայտն ուսումնասիրվում է։ Մոտ 10 օրից, ըստ նախարարի, Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրանց վերաբերյալ հայտարարություն կանի։ ՀԷՑ-ի վարձակալած թանկարժեք մեքենաների՝ «Լեքսուս»-ների գինը, կարծում է, չի ներառվի սակագնի մեջ։

«Այդ լրացուցիչ ծախսերը, որոնք չեն մտնում սակագնի մեջ, կատարվում են ընկերությունների շահույթների հաշվին։ Ես չեմ կարծում, որ այդ ուսումնասիրությունը հանձնաժողովը կթողնի անհետևանք և կներառի սակագնի մեջ»։

Էներգետիկայի նախարարի խոսքով՝ ՀԷՑ-ի ազգայնացման հարց չի քննարկվում։

Սարդարապատի հուշահամալիր եկած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է մեքենայի վրա 20 փամփուշտ կրակվի, ուղևորները վնասվածք չստանան։ Խոսքը Գորիսում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մասին է։ Վլադիմիր Գասպարյանի կարծիքով՝ տեղի ունեցածը բեմադրություն չէր.- «Լինում է էդպես»,- ասաց նա։

Հաջորդ հարցը Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների անպատժելիության մասին էր։ Ոստիկանապետը Սյունիքում տիրող ամենաթողության մասին պնդումների հետ համաձայն չէր.- «Բոլոր նշված դեպքերում էլ ինչ-որ նյութեր եղել են, քրեական գործեր եղել են»։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն «Ազատությանը» տեղեկացրեց՝ աշխատանքային այցով Սիրիայում գտնվող արտգործնախարար Նալբանդյանը քննարկելու է անվտանգության խնդիրներ։

«Դամասկոսում մեր դեսպանատանը տեղի կունենա համայնքի ներկայացուցիչների և մեր նախարարի հանդիպումը։ Այդ ընթացքում իրենք առավել կոնկրետ առաջարկություններ կանեն, բայց այն, ինչ առաջարկել են, բնականաբար, երեքն է. ինչպես օգնել նրանց, ովքեր դուրս են գալիս, ովքեր տեղափոխվում են, անվտանգ տարածքներ [հասցվեն], և նրանց հարցը, ովքեր մնում են»,- ասաց Հակոբյանը։

Նախարարը հավելեց.- «Ցավոք, մենք չենք կարող նրանց պարտադրել, որ դուրս գան։ Իրենք պետք է որոշումը կայացնեն։ Մենք չորս տարի շարունակ կրկնում ենք, որ մենք օգնում ենք և' այնտեղ գտնվողներին, և' այստեղ վերադարձողներին։ Չկա այդպիսի բան, որ համայնքը հավաքվի և միանգամից որոշում կայացնի, նման բան հնարավոր չէ»։

Սփյուռքի նախարարի խոսքով՝ հոգևոր ու բարեգործական կառույցները, կուսակցությունները Հալեպից դուրս բերելու որոշում դեռ չկա.- «Առայժմ դուրս չեն գալիս և այդպիսի ցանկություն չեն հայտնել»։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց՝ առաջնագծում կրակոցները նվազել են․ամեն ինչ անում են հրադադարի ռեժիմը պահպանելու համար։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ մեր դիրքերին շատ մոտ երեկ չէ առաջին օրը ադրբեջանական քաղաքացիական ուղղաթիռ էր թռել։ Զեկուցվել է Պաշտպանության բանակի հրամանատարին, ուղեկցվել է, որ շարունակի իր թռիչքը։ Այդպիսին են մեր զինվորները առաջին գծում՝ խաղաղություն ապահովող, անհրաժեշտության դեպքում նաև արժանի հակահարված տվող»,- ասաց Օհանյանը։

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից, Պաշտպանության նախարարը երեկ Գևորգ Կոստանյանին է ներկայացրել «իրեն, իր ընտանիքը և պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող հրապարակումների փաթեթ»։ Դատախազությունը նյութերն ուղարկել է Ոստիկանություն՝ ընթացք տալու համար։

Օհանյանն այսօր պարզաբանեց, թե ինչու է դիմել գլխավոր դատախազին.- «Բացահայտ հերյուրանքների, բացահայտ ստերի պայմաններում սադրանքների չեմ ենթարկվի։ Ինձ համար ամեն ինչ հասկանալի է, բոլոր գործողությունները պետք է լինեն միայն և միայն օրինականության պայմաններում»։

Նշենք, որ վերջերս Սեյրան Օհանյանի տիկնոջը դատապարտող հրապարակումներ են եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG