Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրեցի երիտասարդները կինոկենտրոն բացելու համար պատրաստ են ցանկացած դուռ թակել


Գյումրիում մի խումբ ակտիվիստներ ուզում են կինոկենտրոն բացել, ու որպեսզի նպատակը իրականություն դառնա, արդեն մոտ մեկ ամիս է՝ սկսել են բարեգործական ակցիա իրականացնել. իրենց իսկ ձեռքերով պատրաստած բացիկներ են վաճառում` հասույթը կենտրոնի ստեղծմանը փոխանցելու համար:

Ինչպես նախաձեռնող խմբի անդամ Սերգեյ Հայրապետյանն ասաց՝ պատրաստ են ցանկացած դուռ թակել.- «Պետք է, որ ստացվի»,- լիահույս է նա։

Հայրապետյանն ասում է՝ Գյումրիում կա Արվեստների ակադեմիա, որտեղ նաև կինոյի մասնագետներ են կրթություն ստանում, սակայն հնարավորությունների բացակայության պատճառով սովորածը գործնականում կիրառել չեն կարողանում. տեխնիկայի վարձակալումը մեծ գումարներ արժի, երիտասարդները բուհն ավարտելուց հետո հիմնականում կամ այլ աշխատանքով են զբաղվում, կամ լքում են Գյումրին:

«Արվեստագետները, դուրս գալով ակադեմիայից, չգիտեն ինչով զբաղվեն, որովհետև եթե որևէ մեկը ուզենա ինչ-որ բան նկարել, բնականաբար, առաջին հարցը պետք է լինի տեխնիկական հագեցվածությունը, որն ամենամեծ ծախսն է։ Տեսախցիկ, լույս, ձայնային տեխնիկա վարձակալելու համար օրական գոնե ամենաքիչը 100 հազար դրամ փող է պետք։ Բնականաբար, ոչ մի ուսանող այդ գումարը չունի։ Ինչի՞ համար ենք մենք արվեստագետներ կրթում և ուղարկում առևտուր անելու»,- ասաց Հայրապետյանը։

Ակցիային մասնակցել և բացիկներ են գնել ոչ միայ շարքային գյումրեցիները, այլև Շիրակի մարզպետն ու թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հաջորդ քայլով նախատեսում են մարաթոն անցկացնել ու դիմել նաև Սփյուռքի օգնությանը: Սերգեյ Հայրապետյանն ասում է, որ Գյումրիում առկա սոցիալական ծանր խնդիրների պատճառով շատերն են իրեն հանդիմանում` արդյոք կինոկենտրոնը հիմա խիստ անհրաժեշտությո՞ւն է քաղաքի համար:

«Գյումրիում կան բազմաթիվ ավելի հրատապ խնդիրներ, այդ խնդիրները կան մյուս քաղաքներում ևս, բայց մոռանալ արվեստի մասին սխալ է»,- ասաց նա։

XS
SM
MD
LG