Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություննները կարող են դառնալ համաշխարհային ֆուտբոլում տարիներ շարունակ գործած կոռուպցիոն մեխանիզմների ապամոնտաժման սկիզբը:

Համենայնդեպս, սա են խոստանում ավելի քան երկու տարի ֆուտբոլային կոռուպցիայի դեպքերը հետաքննած ամերիկացի իրավապահները: Երեկ երեկոյան Նյու- Յորքում հետաքննության առաջին մանրամասները ներկայացրեց Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Լորետա Լինչը:

«Այս անձինք տվյալ կազմակերպությունների միջոցով զբաղված էի կաշառառությամբ` որոշելով, թե ովքեր են հեռարձակելու խաղերը, որտեղ են այդ հանդիպումները կայանալու և ովքեր են աշխատելու համաշխարհային ֆուտբոլը վերահսկող այս կազմակերպությունում»,- հայտարարեց Միացյալ Նահանգների գլխավոր դատախազը:

Լորետա Լինչը որոշ մանրամասներ հաղորդեց կատարված հանցագործությունների կոնկրետ դրվագների մասին, մասնավորաբար նշելով, որ կաշառքները ուղեկցել են ՖԻՖԱ-ի նախագահի 2011 թվականի ընտրությունները, Հարավային Աֆրիկայի՝ որպես աշխարհի առաջնության վայրի, 2004-ին կայացած ընտրությունը: Կաշառքների և ատկատների միջոցով սպորտային հագուստ արտադրող ամերիկյան ընկերություններից մեկը դարձել է Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտոնական հովանավորը:

Շվեյցարացի իրավապահներն իրենց հերթին նշում են, որ Ցյուրիխում երեկ լուսադեմին իրականացված ձերբակալությունները եղել են ամերիկացի գործընկերների հետ համատեղ մշակված գործողության փուլերից մեկը: Շվեյցարացիները պատրաստ են սկսել ձերբակալված ֆուտբոլային չինովնիկների` Միացյալ Նահանգներ արտահանձնելու գործընթացը:

ՖԻՖԱ-ի ձերբակալված պաշտոնյաներին ներկայացվող մեղադրանքների մասին Շվեյցարիայի դաշնային դատախազության խոսնակ Ֆոլկո Գալին նշում էր.- «Միացյալ Նահանգների իշխանություններն այդ մարդկանց կասկածում են կաշառքների տեսքով շուրջ 100 միլիոն դոլար ստանալու մեջ: Այդ գումարների դիմաց պաշտոնյաները Լատինական Ամերիկայում և Միացյալ Նահանգներում կազմակերպված մրցաշարերի ընթացքում հեռարձակման, հովանավորության և մարկետինգային իրավունքներ են տրամադրել [տարբեր ընկերությունների]»:

Կատարված բացահայտումների ֆոնին հրատապ է դառնում մեկ այլ հարց` արդյո՞ք կոռուպցիոն մեխանիզմներն ուղեկցել են նաև Ռուսաստանի և Քաթարի ընտրությունը՝ որպես 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները հյուրընկալող պետություններ։ Այս մասին Միացյալ Նահանգների գլխավոր դատախազը որևէ հստակ հայտարարությամբ երեկ հանդես չեկավ, սակայն միջազգային մամուլում այս մասին պնդումները բավական համառ են:

Գերմանական ARD հեռուստաընկերությունը վերջերս հեռարձակված հետաքննական ֆիլմում նույնիսկ պնդում էր, որ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամներին կաշառելու գործում ակտիվորեն ներգրավված են եղել «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկությունները:

Շարունակվող հետաքննության և ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին հնչող հայտարարությունների ֆոնին այսօր սկանդալի կիզակետում հայտնված պաշտոնյային պաշտպանեց Ռուսաստանի նախագահը:

«Վաղը նախատեսված են ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները: Պարոն Բլատերը վերընտրվելու բոլոր շանսերն ունի: Եվ մենք գիտենք, թե Բլատերի նկատմամբ ինչ ճնշում էր գործադրվում, որպեսզի նա թույլ չտա 2018 թվականի Ֆուտբոլի առաջնության անցկացումը Ռուսաստանում»,- ասաց Պուտինը:

Չնայած հնչող կոչերին, ՖԻՖԱ-ի նախագահի՝ վաղը նախատեսված ընտրությունների ժամանակացույցը շարունակում է ուժի մեջ մնալ: Վերջին ժամերին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան արմատապես բարեփոխելու և նախագահի ընտրությունները հետաձգելու կոչով հանդես եկան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները:

«Տարիներ շարունակ այս կազմակերպության գործունեության մասին կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ էին հնչում: Այդ ֆոնին, իհարկե, կարելի է մտածել առաջիկա օրերին նախատեսված ընտրությունների փոքր ինչ հետաձգելու մասին, որպեսզի կարողանանք պարզել՝ ներկայացված մեղադրանքներից որն է համապատասխանում իրականությանը, իսկ որը՝ ոչ»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:

XS
SM
MD
LG