Մատչելիության հղումներ

Փաստաբանին չեն պատասխանում՝ արդյոք նախագահը մասնակցե՞լ է Սյունիքի մարզպետի որդու հարսանիքին


Հայաստանի նախագահի աշխատակազմից գրեթե չորս ամիս է չեն պատասխանում՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը մասնակցել է Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանյաց հանդեսին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Թեև օրենքը պետական մարմիններին պարտավորեցնում է գրավոր հարցումներին պատասխանել առավելագույնը 30 օրում, Ալումյանը առ այսօր Բաղրամյան 26-ից պատասխան չի ստացել:

Պնդելով, թե Հայաստանում դատարանները կախված են նախագահից, փաստաբանն ասաց՝ հետևաբար այսօր անհնար է ակնկալել, որ դատարանները կարող են Տիգրան Խաչատրյանի մեղավորությունը մատնանշող ակտ կայացնել, եթե երկրի իշխանական վերնախավը մասնակցում է այդ անձի հարսանյաց հանդեսին:

«Նախագահի աշխատակազմից ինձ առհասարակ չպատասխանեցին: Ես սա գնահատում եմ որպես արհամարհանք ոչ թե իմ, այլ սեփական երկրի օրենքների նկատմամբ»,- ասաց Ալումյանը։

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը կալանավորվեց 2013 թվականի ամռանը՝ հունիսի 1-ին Գորիսում իրենց տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո: Թեև սկզբում կրտսեր Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց սպանության հատկանիշներով, սակայն ամիսներ անց գործը քննող Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը որոշեց մարզպետի որդուն ազատ արձակել՝ ինքնապաշտպանության հիմնավորմամբ:

Գորիսյան սպանությունից մոտ երկու տարի անց Տիգրան Խաչատրյանը կրկին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում և կրկին արյունալի միջադեպի պատճառով: Այս ամսվա սկզբին Գորիսի մոտ գտնվող «Սդղի գլյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով Հարութ Զաքարյանի աչքը մինչ օրս չի տեսնում, նա շարունակում է բուժումը արտերկրում, եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը, քթի վիրահատության է ենթարկվել:

Թեև տուժողների հայրը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ծեծողների մեջ են եղել նաև Սուրիկ Խաչատրյանի որդիները, գործը քննող Քննչական կոմիտեն միջադեպից 25 օր անց որևէ մեկի չի ձերբակալել և, ինչպես «Ազատությանը» երեկ փոխանցեցին Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցից, անգամ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Չնայած անցած հինգշաբթի Ազգային ժողովում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացավ Քննչական կոմիտեից այս երկուշաբթի պահանջել «Սդղի գլյոլի» գործը՝ պարզելու արդյո՞ք ճիշտ քրեական գնահատական է տրվել միջադեպի մասնակից Տիգրան Խաչատրյանին որպես վկա ներգրավելուն, սակայն առ այսօր գործը չի փոխանցվել Կոստանյանին: Քննչական կոմիտեից «Ազատությանը» այսպես հիմնավորեցին՝ չեն ցանկանում քննության ակտիվ փուլում ընդհատել քննչական գործողությունները:

Նույն օրը խորհրդարանում Գևորգ Կոստանյանը խոսեց նաև անպատժելիության դեմ պայքարի անհրաժեշտությունից: Ալումյանը այսօր նկատեց՝ այդ պարագայում ինչպե՞ս բացատրել, որ քննիչները, ովքեր խախտումներ են թույլ տվել 2013 թվականի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործի նախաքննությունում, որի ժամանակ անհետացել են կարևոր փաստաթղթեր, պաշտոնի առաջխաղացում են ունեցել:

«Քննիչ Մինասյանը Գորիսի ոստիկանության քննիչ էր, և բնականաբար, այս ամեն ինչից հետո դարձավ դատախազ։ Ասում եմ՝ բնականաբար, որովհետև բոլոր նրանք, ովքեր հատկապես աչքի են ընկել խախտումներով, ստացել են պաշտոնի բարձրացում, սկսած գլխավոր դատախազից, վերջացրած Գորիսի քննիչ Մինասյանով։ Մյուս քննիչ Ալեքսան Ղազարյանը արդեն դատախազությունում բաժիններից մեկի պետն է»,- ասաց Ալումյանը։

XS
SM
MD
LG