Մատչելիության հղումներ

ՓՄՁ ԶԱԿ-ը վստահեցնում է, որ արդյունավետ է աշխատում սիրիահայերի հետ


Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ․

Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ․

Հայաստանի կառավարության հիմնադրամը պատասխանում է օրեր առաջ մի խումբ սիրիահայ գործարարների հնչեցրած քննադատությանը:

Հայաստանի կառավարության «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է, որ սիրիահայ գործարարների գերակշիռ մեծամասնությունն արդյունավետ է աշխատում կենտրոնի հետ և գոհունակությամբ է շարունակում բիզնես գործունեությունը Հայաստանում:

Այդուամենայնիվ, շարունակում է կենտրոնի մամուլի ծառայությունը, որոշ սիրիահայ գործարարների արկածախնդիր, անպատասխանատու գործողությունների և անհեռանկար նախաձեռնությունների պատճառով ստվերվում է սիրիահայ գործարարների, ինչպես նաև կենտրոնի բարի համբավը։

Կենտրոնի տվյալներով՝ 2013 թվականից սկսած Սիրիայից պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված 78 գործարարների նոր ձեռնարկությունների հիմնադրման համար Կառավարության աջակցության ծրագրի շրջանակում արտոնյալ վարկեր են հատկացվել՝ տարեկան 4 տոկոսով տոկոսադրույքով։ Նշվում է, որ անցած ամիսներին աջակցել են սիրիահայ գործարարներին՝ տեղեկատվություն տրամադրել օրենքների վերաբերյալ, անհատական խորհրդատվություններ անցկացրել։

«Սիրիահայ գործարարների մուտքը հայաստանյան շուկա նոր շունչ բերեց գործարար միջավայրին: Սիրիայի մեր հայրենակիցներն իրենց հետ հայրենիք բերեցին նոր բիզնես մշակույթ, հիմնեցին նոր ավանդույթներ», - նշվում է սիրիահայերին արտոնյալ պայմաններով վարկեր հատկացրած հիմնադրամի հաղորդագրությունում:

Շարունակելով՝ հիմնադրամի լրատվական ծառայությունն անդրադառնում է օրեր առաջ շուրջ մեկ տասնյակ սիրիահայ գործարարների հնչեցրած քննադատությանը։ Հիմնադրամը հերթով ներկայացնում է իրեն քննադատող սիրիահայ գործարարներին՝ նշելով յուրաքանչյուրի թերացումները։

Կես տարով վարկերի մարումը կասեցնելու վերաբերյալ Կառավարությանն առաջարկ ներկայացրած 31 գործարարներից բանկերը միայն 9-ին են ընդառաջել։

Հրաչ Բալ-Մանուկյանի դեպքում բանկը մերժել է վարկի մայր գումարի վճարման հետաձգումը ֆինանսական այլ կառույցների պարտքեր ունենալու պատճառով, տեղեկացնում են հիմնադրամում։

Հիմնադրամում իրականությանը չհամապատասխանող են որակում բողոքող սիրիահայ գործարարների այն պնդումը, թե խոստումներ են տվել շուկա որոնել իրենց համար։ «Չնայած դրան, ՓՄՁ ԶԱԿ-ը սիրիահայ գործարարներին նման աջակցություն իր ունեցած հնարավորությունների առավելագույն չափով ցուցաբերել է», - ասված է հաղորդագրությունում: Հիմնադրամը նշում է նաև, որ աջակցում է գործարար կապերի ամրապնդմանը։

Կառավարության հիմնադրամում շեշտում են, որ բացի սիրիահայ գործարարների համար արտոնյալ վարկային պայմաններից, նաև պարբերաբար ընդառաջում է նրանց, ինչը չի արվում հայաստանյան գործարարների համար։ «Հարկ ենք համարում նշել նաև, որ սիրիահայ գործարարների նկատմամբ կիրառվող արտոնությունները բացառիկ են, որոնք չեն կիրառվում անգամ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական համայնքներում գործող կամ սկսնակ ՓՄՁ-ների դեպքում», - ասված է հիմնադրամի հաղորդագրությունում:

Նշվում է, որ չնայած ծրագրի իրականացման մոտ 2.5 տարիների ընթացքում սիրիահայ գործարարների գերակշիռ մեծամասնությունը մասամբ են կատարել իրենց գործարար ծրագրերով նախատեսված պարտավորությունները կամ ընդհանրապես չեն կատարել, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը չի կիրառել խիստ գործողություններ վերջիններիս նկատմամբ և հնարավորության դեպքում նորից և նորից ընդառաջել է նրանց դիմումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG