Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը


«Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է», - հայտարարում է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանը այսօր նշում է Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնը:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայկական կամ Հայաստանի Հանրապետությունը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:

Առաջին հանրապետության գոյությունը, սակայն, երկար չտևեց՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրով Հայաստանը դարձավ խորհրդային սոցիալիստական հանրապետություն։

Հանրապետության տոնի կապակցությամբ այսօր մի շարք միջոցառումներ են անցկացվում:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ: Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արևելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը», - ասված է, մասնավորապես, Սարդարապատի հուշահամալիրում Սերժ Սարգսյանի հղած ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և դեռ իրականացվելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչն ու հոգևորականը: Եվ կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով: Կասեցրել ենք հայկական պետականության ստեղծմամբ՝ պատմական Հայաստանի վերջին հատվածը փրկության ափ դարձնելով հարյուր հազարավոր որբերի և գաղթականների համար», - ընդգծում է Սերժ Սարգսյանը:

«Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է», - նշում է նախագահը՝ ընդգծելով․ - «Մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձևավորվում ու ծնվում էր հայկական բանակը։ 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, և մենք, առանց պետականության՝ միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ։ Սա պատմական սխրանքն է այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին։ Բայց նրան վիճակված էր տեսնել նաև ամենաերանելին՝ անկախ Հայաստանը»։

«Մեր առաջին հանրապետության պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և օրհներգը այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են: Մենք ճամփորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսվել է 1918 թվականի մայիսի 28-ին: Սակայն խորհրդանիշներից ավելի կարևոր են առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետևյալներն են. 1. Հայաստանը համայն հայության հայրենիքն է։ 2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ։ 3. Հայաստան Հանրապետությունը սոցիալական պետություն է։ Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաև այսօր, մերօրյա՝ երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի շնորհավորական ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես, ասված է․ -«Մեծ Եղեռնին հաջորդած դժվարին օրերին մեր հայրենիքի մի մասում քաջարի մեր ժողովուրդը կենաց ու մահու գոյամարտ մղեց և թանկ զոհողություններով Մայիսյան հաղթական հերոսամարտերը պսակեց Հայաստանի Հանրապետության հիմնադրմամբ: Հայրենի պետականության վերականգնումով մարմնացավ մեր նախնիների դարավոր երազանքը, հույսով լցվեց մեր ժողովրդի հոգին և նոր շունչ առավ ազգային կյանքը: Մայիսի 28-ի խորհուրդով այսօր նորոգենք Հայրենիքի հանդեպ մեր հավատարմության ուխտը, մեր ձեռաց ազնիվ գործերով, միմյանց նկատմամբ սիրով ու հոգատարությամբ հաղթահարենք բոլոր դժվարությունները՝ Տիրոջ առաջնորդությամբ շենացնելով մեր անկախ Հանրապետությունը»:

Հանրապետության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG