Մատչելիության հղումներ

Հայաստան-ԵՄ բանակցությունների մասով ռուսական կողմից բացասական տրամադրվածություն չկա


Փոխարտգործնախարարի խոսքով, Հայաստանի ռազմավարական գործընկերը տեղյակ է ԵՄ-ի հետ բանակցություններում մեր անելիքների և ակնկալիքների մասին:

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ, դրանք ընթանում են բնականոն և անկաշկանդ, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով հնչեցված մտահոգությանը, թե մեր ռազմավարական դաշնակիցը գուցե կրկին կասեցնի Հայաստան-ԵՄ նորացվող հարաբերությունները:

«Եվրամիության հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք շատ թափանցի: Մեր ռազմավարական գործընկերները տեղյակ են մեր անելիքների և ակնկալիքների մասին, այնպես, որ հուսամ, որ այս անգամ գործընթացը կունենա հաջող ընթացք և ավարտ», - ասաց Նազարայանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին պատասխանելով՝ փոխարտգործնախարար Նազարյանն ասաց, որ ոչ թե հոռետեսների, այլ լավատեսների թվում է, ովքեր կարծում են, որ մինչև տարեվերջ Հայաստանն ու Եվրամիությունը կունենան ստորագրված նոր մի փաստաթուղթ՝ 2013-ին Վիլնյուսում տապալված Ասոցիացման համաձայնագրի փոխարեն․ - «Հիմնական նպատակն է ի հայտ բերել համատեղելի տարրերը»:

Հայ ազգային կոնգրեսի քարտուղար Արամ Մանուկյանը ևս հիշեց սեպտեմբերերեքյան որոշումը՝ նկատելով, որ ոչ ճշգրիտ հաշվարկների պատճառով Հայաստանը հարված ստացավ: Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցման երկրորդ փուլում նման վտանգ չկա՞ :

Կարեն Նազարյանն արձագանքեց, որ խորհրդակցություններ ունեցել են՝ եվրոպական կառույցներում Հայաստանի ներգրավվածության շուրջ․ ռուսական կողմից բացասական տրամադրվածություն չկա:

«Վերջերս Հայաստանում էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Մեշկովը և մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու եվրոպական կառույցներում մեր հարաբերություններին ու նաև համագործակցության հարցերին», - ասաց Նազարյանը:

Փոխնախարարը ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման կամ բանակցությունների մեկնարկի ժամկետներ չցանկացավ նշել, ասաց՝ Հայաստանը հույս ունի ԵՄ-ի հետ շուտով ստորագրել գիտության, մրցունակության, ավիացիոն ոլորտի, վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկի մասին համաձայնագրերը: Գործընթացը շարունակվում է, ասաց փոխարտգործնախարարը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է դրական հանգուցալուծման․ - «Շատ դժվար է կանխատեսել բանակցությունների ընթացքը, դրանք ամբողջությամբ կախված են դինամիկայից, բովանդակային հարցերից»

Արտգործնախարի մյուս տեղակալ Սերգեյ Մանասարյանից լրագրողները հետաքրքրվեցին սիրիահայերի վիճակով:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարածաշրջանային այցով այսօր հենց այդ երկրում էր, արդեն հայտարարել է, որ խորապես մտահոգված են Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով: Փոխարտգործնախարարը, սակայն, նշեց, որ սիրիահայերի տարհանման մասին խոսք չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG