Մատչելիության հղումներ

logo-print

ՀԷՑ-ը վաճառել է թանկ էլեկտրաէներգիա, բայց աշխատել է վնասով


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տարիներ շարունակ էլեկտրաէներգիան սպառողներին վաճառել է մի քանի անգամ ավելի թանկ, քան ձեռք է բերել արտադրողներից:

Այդքանով հանդերձ, 2008 թվականից ի վեր ռուսաստանյան ընկերությունը ընդհանուր առմամբ վնասով է աշխատել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթերի համաձայն, 2008-2012թթ․ ընթացքում ՀԷՑ-ը 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար արտադրող ընկերություններին վճարել է միջինը 9.82 դրամից մինչև 14.92 դրամ: Մինչդեռ, նույն այդ տարիներին բնակչությանը 1 կՎտ/ժ-ը վաճառել է ցերեկը 25 դրամով, գիշերը՝ 12 դրամով:

2013 թվականի հուլիսից 1-ից կՎտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը դարձավ 38 դրամ, այն դեպքում, երբ նույն այդ տարում, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ՀԷՑ-ը 1 կՎտ/ժ-ը արտադրողներից միջինը գնել է ավելի քան երկու անգամ էժան՝ 18.34 դրամով:

2014 թվականի օգոստոսի 1-ից սակագինը կրկին բարձրացվեց․ 1 կվ/ժ դարձավ ցերեկը 41.85, գիշերը՝ 31.85 դրամ, բայց նույն տարում, պարզվում է ՀԷՑ-ը 1կՎտ/ժ էլեկտրաէներգիան գնել է միջինը 21.40 դրամով:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի անթույլատրելի համարեց նման տարբերությունը:

«Եթե կառավարությունը իմացել է, միջոցներ ձեռք չի առել, սա նշանակում է, որ իրականում խոսում ենք կոռուպցիոն ռիսկերի մասին»,- ասաց տնտեսագետը։

Ենթադրվում է, որ նման բիզնես ունենալով՝ ռուսաստանյան Интер РАО ЕЭС-ին պատկանող ընկերությունը պետք է, որ լիներ Հայաստանի ամենաշահութաբեր ընկերություններից մեկը: Իրականում, սակայն, ըստ ընկերության ներկայացրած հաշվետվությունների՝ 2008 թվականից ի վեր ՀԷՑ-ի վնասները ավելի քան երկու անգամ գերազանցել են ստացված շահույթը:

2008, 2010, 2011 թվականները ընկերությունը փակել է շահույթով, ընդհանուր առմամբ՝ 16.7 միլիարդ դրամ: Բայց 2009, 2012, 2013 թվականներին ընկերությունը կրել է հսկայական վնասներ՝ 41.6 միլիարդ դրամ։ Տարբերությունը կազմել է 24.9 միլիարդ դրամ:

«Միանշանակ վատ կառավարման արդյունք է, կարող եմ ասել՝ ոչ թե վատ կառավարման արդյունք է, այլ կանխամտածված են այսպիսի իրավիճակ ստեղծել»,- կարծում է Վահագն Խաչատրյանը։

XS
SM
MD
LG