Մատչելիության հղումներ

«Ստրատֆոր». «Թեքվո՞ւմ է Ադրբեջանը դեպի Մոսկվա, թե՞՝ ոչ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում, 9-ը օգոստոսի, 2014թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում, 9-ը օգոստոսի, 2014թ.

Ըստ վերլուծական կենտրոնի, Ադրբեջանը հայտնվել է դիվանագիտական տենդի մեջ։

Արդյո՞ք Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը լուրջ փոփոխությունների շեմին է․ - այս հարցի պատասխանն են փորձում գտնել ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները երեկ հրապարակած իրենց հոդվածում:

«Թեև առաջատար միջազգային լրատվամիջոցները դա գրեթե չնկատեցին, սակայն վերջին շրջանում Ադրբեջանը հայտնվել է դիվանագիտական տենդի մեջ, երբ ադրբեջանցի պաշտոնյաները անդադար հանդիպումներ են անցկացնում ռուսաստանցի և եվրոպացի գործընկերների հետ», - գրում է «Ստրատֆոր»-ի մեկնաբանը՝ հավելելով. - «Ադրբեջանը վաղուց արդեն բանակցություններ է վարում թե՛ Արևմուտքը, և թե՛ Ռուսաստանը ներկայացնող պաշտոնյաների հետ` փորձելով որոշակի հավասարակշռություն պահպանել: Վերջին շրջանում, սակայն, այդ հանդիպումների տոնայնությունն ու բնույթը աստիճանաբար թեքվում են դեպի Ռուսաստան»:

«Դեպի Մոսկվա ադրբեջանական շրջադարձի առաջին նշանը Իլհամ Ալիևի` մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշում էր: Ռուսաստանի նախագահի պատասխան ժեստը չուշացավ. Պուտինը հայտարարեց, որ ներկա կգտնվի Բաքվում մեկնարկող Եվրոպական Օլիմպիական խաղերի բացման արարողությանը», - նշում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները` նաև հիշեցնելով, որ Ադրբեջանի` Արևմուտքի հանդեպ կարծրացած մոտեցման դրսևորումներն էին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հայտնի հարցազրույցը և Իլհամ Ալիևի վերջին պահին կայացրած որոշումը` չմասնակցել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի աշխատանքներին:

Բաքվի արտաքին քաղաքական մոտեցումներում նկատվող նման փոփոխության հիմնական պատճառները, ըստ «Ստրատֆոր»-ի, երկուսն են` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու Արևմուտքից Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող կոշտ քննադատությունը:

«Մարդու իրավունքների, ժողովրդավարության և խոսքի ազատության ոլորտներում Ադրբեջանին նախկինում էլ քննադատում էին, սական այժմ Բաքուն այդ գնահատականներին շատ ավելի սուր է արձագանքում, ինչը թերևս կապված է Եվրոպական խաղերի մոտալուտ մեկնարկի հետ», - գրում են հոդվածի հեղինակները:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այստեղ վերջին մեկ տարում, ըստ կենտրոնի մասնագետների, իրադրությունը զգալիորեն սրվել է:

«Ադրբեջանն անցած տարվա ընթացքում ավելի նախահարձակ դիրքորոշում որդեգրեց, ինչի վկայությունն էին հայկական ուղղաթիռի խոցումն ու հայկական կողմի կրած կորուստների աճը: Երևանը հակառակը, մարտադաշտում անսպասելիորեն զուսպ էր», - նշում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները:

«Հանգիստ պահվածք էր դրսևորում նաև Ռուսաստանը` կոչ անելով երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և Ադրբեջանի հասցեին լուրջ քննադատություն չհնչեցնելով: Նման պահվածքը կարող է Բաքվի և Մոսկվայի միջև ուրվագծվող փոխըմբռնման նշան լինել, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս Ադրբեջանին ավելի ագրեսիվ պահվածք դրսևորել` չվախենալով Ռուսաստանի սաստող գործեալոճից», - գրում են «Ստրատֆոր»-ի մասնագետները` ի վերջո հանգելով գլխավոր հարցին. - «Թեքվո՞ւմ է Ադրբեջանը դեպի Մոսկվա, թե՞՝ ոչ»:

«Ադրբեջանի դիվանագիտական պահվածքը առայժմ գոնե պետք չէ շփոթել դեպի Ռուսաստան այդ երկրի ռազմավարական վերակողմնորոշման հետ: Իհարկե, ինչ-որ բանի մասին խոսելը դեռ չի նշանակում, որ դա կյանքի է կոչվելու: Բայց և այնպես, Բաքվից և Մոսկվայից հնչող հայտարարություններին, այստեղ կայացվող որոշումներին հարկավոր է ուշադրությամբ հետևել: Դրանք կարող են լուրջ ազդեցություն ունենալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի վրա` հատկապես Արևմուտքի և Ռուսաստանի շարունակվող առճակատման պայմաններում», - նկատում են «Ստրատֆոր»-ի մասնագետները:

XS
SM
MD
LG