Մատչելիության հղումներ

Քաղաքապետը «խուսափում է հաշվետվություն տալ վիճահարույց ծախսերի մասին»


Ինչպե՞ս է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հաջողվել մեկ օրվա ընթացքում լինել և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ առավոտյան Երևանում ավագանու նիստ վարել, և՛ հանդիպել Եվրոպական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ ու ընդունել ղարաբաղցի աշակերտներին:

Հարցը ծագել է այն բանից հետո, երբ երեկ՝ բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ, Տարոն Մարգարյանը Ազգային ժողով չներկայացավ, իսկ փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատգամավորներին վստահեցրեց, թե քաղաքապետը Սանկտ Պետերբուրգում է:

Նույն օրը ավելի ուշ, սակայն, քաղաքապետարանի պաշտոնական կայքում հայտնվեցին տեղեկություններ քաղաքապետի մասնակցությամբ Երևանում անցկացված միջոցառումների մասին:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում փաստեց՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ծախսերի մասին անձամբ հաշվետվություն տալու համար խորհրդարան չի գալիս 2012-ից ի վեր․ մե՛կ Սանկտ Պետերբուրգում է, մե՛կ Երուսաղեմում, մե՛կ Բադեն-Բադենում:

«Ես 2012 թվականից Ազգային ժողովի պատգամավոր եմ, և Տարոն Մարգարյանն ու Սուրիկ Խաչատրյանը ոչ մի անգամ չեն ներկայացել այս քննարկումներին: Եվ այո՛, ես էլի պնդում եմ, որ այսպես ասած՝ սոցիալական և տղայական շերտավորում գոյություն ունի պաշտոնյաների: Իրենց ընկալմամբ՝ այսպես ասած գողական պաշտոնյաները, կռուտոյ պաշտոնյաները չեն գալիս այս քննարկումներին: Բայց կարծում եմ, կռուտոյ է այն պաշտոնյան, որ համարձակություն ունի գա այստեղ և մեր հարցերին պատասխանի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը երեկ պատրաստվում էր Երևանի քաղաքապետից ճշտել, թե ինչի վրա է անցած տարի ծախսվել բյուջեից հատկացված 46 մլն դրամը: Փաշինյանը պնդում է, թե քաղաքապետը խուսափում է ընդդիմախոսների հարցերից:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, մինչդեռ, երեկ լրագրողներին խորհուրդ է տվել «գործի չդնել երևակայությունը»․ - «Ո՞վ ասաց, որ խուսափում է․․․ Միշտ էլ եկել է, բոլոր քննարկումներին մասնակցել է․․․ Ոչ մեկից չի վախենում: Պարզապես մարդը գործուղման մեջ է: Պաշտոնապես հարգալից դիմել է Ազգային ժողովի աշխատակազմին, որ իրեն կփոխարինի իր տեղակալը: Էլ ի՞նչ եք փնտրում, ի՞նչ եք ընկել սար ու ձոր»:

Հանրապետական Գագիկ Մինասյանի խոսքով, Ազգային ժողովը քաղաքապետարանից նամակ է ստացել, ըստ որի քաղաքապետը երեկ դեռ արտերկրում պիտի լիներ:

Հարցին, թե իրականում որտեղ է եղել Տարոն Մարգարյանը, Մինասյանը վրդովված արձագանքեց․ - «Կարծեմ Դուք հայերեն հասկանում եք․ ես ստացել եմ նամակ, որ ինքը քննարկումներին չի կարող մասնակցել, որովհետև գտնվելու է Սանկտ Պետերբուրգում․․․ Եթե ինքը մասնակցել է, ենթադրում եմ, որ դա կարող է պայմանավորված լինել միայն նրանով, որ ինքը իր գործերը արագ է ավարտել Սանկտ Պետերբուրգում»:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ազատությանը» փոխանցեց, թե Տարոն Մարգարյանը նախատեսվածից մեկ օր շուտ է վերադարձել: Հարցին, թե նրա տեղակալ Կամո Արեյեանն ինչո՞ւ այդ մասին տեղեկացված չէր, Գևորգյանը չպատասխանեց:

«Քննադատության չի դիմանա Գևորգյանի այս հայտարարությունը», - հայտարարեց ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը: Նա վստահ է, որ քաղաքապետն ընդամենը խուսափում է հանրային հաշվետվություն տալ վիճահարույց ծախսերի մասին․ - «Մեկ-մեկ ուզում ես մտածել, որ երևի թե Ազգային ժողովը արժանի չէ քաղաքապետի մակարդակով ներկայացված լինելուն․․․ Թերևս, կարծում եմ, չներկայանալու պատճառները աղմուկ հանած հաշվետվություններն են, որոնք լայնորեն քննարկվել են ԶԼՄ-ներում»:

XS
SM
MD
LG