Մատչելիության հղումներ

«100-րդ տարելիցի միջոցառումները ֆինանսավորվել են բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին»


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը, 27-ը մայիսի, 2015թ.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը, 27-ը մայիսի, 2015թ.

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ֆինանսավորվել են և այսօր էլ շարունակվում են ֆինանսավորվել բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին, հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստի ժամանակ։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր բազմաթիվ հայրենակիցները, այս անգամ՝ հիմնականում Հայաստանում և Ռուսաստանում բնակվող մեր գործարարներն ու կառույցները հովանավորեցին ամբողջական, մեծ ծրագրեր` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովից մինչև Ծիծեռնակաբերդում ոգեկոչման արարողություն, «Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի համերգից մինչև «Վերածնունդ» համերգ-ակցիան, որին մասնակցեցին տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավելի երաժիշտներ, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սրբադասման արարողությունը, որի հովանավորն էր Հայ բարեգործական ընդհանուր միությունը», - ասել է նախագահը:

Նա ընդգծել է, որ այս օրերին ողջ աշխարհով մեկ շարունակվում են ցուցահանդեսները, համերգաշարերը, գիտական կոնֆերանսները, հրատարակվում են նոր գրքեր, բեմադրվում են ներկայացումներ։ Նախագահի խոսքով, այսօր էլ, այդ ծրագրերը աջակցության կարիք ունեն, ուստի «կարևորել է բոլորի ակտիվ մասնակցությունը դրանց ֆինանսավորմանը»:

«Հաջորդ նիստին 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը մեզ կներկայացնի մանրամասն ֆինանսական և բովանդակային հաշվետվություն` ներկայացնելով նաև անհրաժեշտ աուդիտորական եզրակացությունը: Այս անգամ մենք ընտրել ենք հետևյալ ճանապարհը. առաջարկել ենք հովանավորներին ծրագրեր ու այդ ծրագրերի մոտավոր հաշվարկ և նաև առաջարկել ենք, որպեսզի իրենք անձամբ իրականացնեն տվյալ միջոցառումները, անձամբ կատարեն ֆինանսական պարտավորությունները՝ իրենց վստահելի անձանց միջոցով: Բայց պետք է ասեմ, որ գրեթե այդպիսի դեպքի չենք հանդիպել, և բոլորը հաճույքով մանրամասն ծանոթանալով ծրագրի բովանդակությանը, առաջարկել են, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն տնօրինության կողմից, այնուհետև նրանց ներկայացվի հաշվետվություն, ինչը մենք հաճույքով կանենք», - ասել է նախագահը։

Սարգսյանի խոսքով, Անկախության տոնի շաբաթը լեցուն է լինելու իրադարձություններով: Այն կավարտվի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Մյուռոնի օրհնության արարողությամբ: Նույն օրերին կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը:

«Այդ իսկ օրերին մենք անպայման անդրադարձ կկատարենք մեր այն բարերարներին, հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին, ովքեր ջանք չեն խնայել 100-րդ տարելիցը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար», - ասել է Սարգսյանը։

Նախագահն իր ելույթում շեշտել է, որ անցկացված միջոցառումները «վկայեցին, որ համախմբվածությունը, միասնական գործելը կարող է շատ-շատերի կամ գրեթե բոլորի համար անսպասելի արդյունք տալ, կարող է լուծել խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն ժողովրդի համար»:

«Ես կարծում եմ, որ բոլորս միասին առիթ ենք ունենալու ամբողջովին վերլուծելու 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարված աշխատանքը և ոչ միայն նրա համար, որպեսզի ցույց տանք, թե մարդիկ որքան ակտիվ մասնակցեցին, այլ որպեսզի նաև հետևություններ անենք և հաջորդ տարիներին այդ միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնենք: 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում: Մինչև մենք չհասնենք համընդհանուր ճանաչման՝ այս ուղղությամբ անդադար աշխատելու ենք», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ մինչ նիստի մեկնարկը, խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Սեֆերյանի հիշատակը (Արգենտինայից):

Հոգաբարձուների խորհուրդը Արա Վարդանյանին՝ այսօրվանից երեք տարի ժամկետով, հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:

Վարդանյանը ներկայացրել է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014 թվականի կատարած աշխատանքների մասին:

Վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահե Ճազմատարեանը, ով վերստուգիչ հանձնաժողովի անդամի պաշտոնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում է 1991 թվականից ի վեր, պաշտոնից հրաժարական է ներկայացրել և իր փոխարեն առաջարկել Արա Ասլանի թեկնածությունը, որն ընդունվել է խորհրդի կողմից:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճազմատարեանին՝ «երկարատև և օգտակար գործունեության, մեծ նվիրումով ու սկզբունքայնությամբ իրականացրած աշխատանքի համար» և խորհրդին տեղեկացրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով Վահե Ճազմատարեանին պարգևատրելու իր որոշման մասին:

Հոգաբարձուների խորհուրդը ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանին, ով մինչ օրս հիմնադրամի ծրագրերին նվիրաբերել է շուրջ 900 հազար ամերիկյան դոլար, շնորհել է Բարերար անդամի վկայական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG