Մատչելիության հղումներ

Անցած գիշերը բերման են ենթարկվել ՀԽ-ի վեց անդամներ


Երեկ և այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամներին բերման են ենթարկում ոստիկանություն՝ առաջիկա հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ տարածելու համար:

Երեկ կեսգիշերից հետո ոստիկանություն տարված և այնտեղ մոտ երկու ժամ պահված Վահրամ Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրավապահները որևէ հիմնավորում չեն ներկայացրել, իսկ հետո հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար ենթարկել են վարչական տույժի․ - «Սայաթ-Նովա պողոտայի վրա նման վահանակի վրա փակցնելու ժամանակ ոստիկանները՝ մի 7-8 հոգի, եկան, շրջապատեցին և հրավիրեցին բաժին: Մենք չէինք ուզում գնալ, իրենք մեզ ստիպեցին, մի քանի հոգով շրջապատեցին, մեքենա նստացրեցին»:

Նա հավելեց, որ տեսել են, թե ինչպես են ոստիկանները պոկում իրենց փակցրած թռուցիկները:

Այսօր առավոտվանից ակտիվիստը շարունակել է փակցնել հանրահավաքի իրազեկման թռուցիկները:

Ապրիլի 7-ին կալանավորված և զանգվածային անկարգությունների կազմակերպելու քրեական գործով մեղադրվող Գևորգ Սաֆարյանը, ով այսօր նույնպես մասնակցում էր իրազեկման ակցիային, «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Քաղաքում այսպիսի բազմաթիվ վահանակներ կան, որոնք պաստառների համար նախատեսված չեն, ինչպես նաև սյուները, սակայն, ինչպես տեսնում եք, կպցված է: Ոստիկանությունը որևիցե արձագանք չի ունենում սրան: Բայց երբ որ Հիմնադիր խորհրդարանն է փակցնում, մարդկանց բերման են ենթարկում: Այսօր, երբ բերման են ենթարկել, մենք կպցրել ենք միայն քաղաքապետարանի կողմից նախատեսված վայրում: Եվ անգամ որոշ մարդկանց աբսուրդային հիմնավորում են բերել, ասել են՝ դուք այդ վայրում շատ եք կպցրել»:

Սաֆարյանը վստահ է, թե իշխանությունները վախենում են Հիմնադիր խորհրդարանից, ամեն կերպ խոչընդոտում են, ճնշումների են ենթարկում շարժման ակտիվիստներին․ - «Ակնհայտ է, որ սա շարունակությունն է քաղաքական հետապնդումների Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ, որը բավականին վաղուց է սկսվել: Եվ սրա մասին վկայում է նաև ոստիկանության այն մոտեցումը, որ երբ մեր աջակիցները ասել էին, թե կան նաև այլ պաստառներ, ոստիկանությունը պնդել էր, թե՝ մենք բոլորին չենք կարող հետևել»:

Սաֆարյանի պնդմամբ՝ ոստիկանները իրենց ակտիվիստներին հետևում ու բերման են ենթարկում վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատության» հետ զրույցում հերքեցին դա՝ պնդելով, որ հատուկ որևէ գործողություն Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ չի իրականացվել, գիշերային ծառայության ժամանակ ոստիկանները իրավախախտում են նկատել, վեց անձանց տեղափոխել են բաժին և համապատասխան արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակել:

XS
SM
MD
LG