Մատչելիության հղումներ

Պետդումայում առաջարկում են օգտագործել կալանավորների էժան աշխատուժը


Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյն, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյն, արխիվ

Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը հավանություն է տվել օրենսդրական այս փոփոխությանը։

Ռուսաստանի Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Խինշտեյնն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեակատարողական օրենսդրությունում և ձեռնարկություններին, շինարարական կազմակերպություններին, ընկերություններին հնարավորություն տալ օգտագործելու Ռուսաստանում կալանավորված մարդկանց էժան աշխատուժը 2018 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության մարզադաշտերը, ինչպես նաև ճանապարհներ, ենթակառուցվածքներ ու այլ օբյեկտներ կառուցելու համար։

Նա «Կոմերսանտ»-ին ասել է, որ բանտարկյալները մեկուսացված և համապատասխան հսկողության տակ գտնվող վայրերում կպահվեն, իսկ հսկողությունը պետք է իրականացնի Քրեակատարողական ծառայությունը։

Քրեակատարողական ծառայությունը հավանություն է տվել օրենսդրական այս փոփոխությանը։

Ընդդիմությունը, սակայն, քննադատում է այս նախաձեռնությունը, որը ստալինյան ԳՈւԼագ է հիշեցնում, երբ միլիոնավոր քաղաքացիներ ճամբարներ էին աքսորվում՝ հարկադիր աշխատանք կատարելու նպատակով։

Պետդումայում ընդդիմադիր եզակի պատգամավորներից մեկը՝ Դմիտրի Գուդկովը, գրել է. - «Ճգնաժամի ժամանակ էժան աշխատուժ է պետք, ինչը ահա մենք ունենք, պարզագույն որոշում՝ օգտագործել կալանավորների աշխատանքը՝ ստալինյան մոդելի դասական օրինակ»։

Օրինագիծը թույլատրում է աշխատանքի վերցնել այն կալանավորներին, որոնք պատիժը կրում են նախատեսված բնակատեղիներում, պարզ ասած՝ աքսորավայրերում, ինչպես նաև հարկադիր աշխատանքի դատապարտվածներին։

Ըստ Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայության տվյալների՝ Ռուսաստանում այդպիսի 128 կալանավայրերում, 2015 թվականի տվյալներով, պատիժ է կրում մոտավորապես 39 հազար 500 մարդ, օրենքում փոփոխություն կատարելու դեպքում Ռուսաստանը այդքան էժան աշխատուժ կունենա։

Իսկ Ռուսաստանում բոլոր կալանավորների, բանտարկյալների թիվը հարյուր հազարներով են հաշվում. մեկուսարանների հետազոտությամբ զբաղվող միջազգային կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարի Ռուսաստանում 670 հազար կալանավոր կար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG