Մատչելիության հղումներ

Նալբանդյանը այցելեց Լիբանան և մեկնեց Սիրիա


Հայաստանի ԱԳ նախարարի և Լիբանանի վարչապետի հանդիպումը

Հայաստանի ԱԳ նախարարի և Լիբանանի վարչապետի հանդիպումը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր լիբանանցի գործընկեր Ջեբրան Բասիլի հրավերով երեկ պաշտոնական այց է կատարել Լիբանան:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական սերտ հարաբերությունները` նշելով, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ ջերմ և փոխշահավետ հարաբերությունները և պատրաստակամ են հավելյալ ջանքեր գործադրել գործակցության զարգացման և առավել ընդլայնման համար։ Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալների ավելացումը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Սալամն ու Նալբանդյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Երկուստեք կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների, Միջին Արևելքում զարգացումների շուրջ։

Հանդիպմանը արծարծվել են Լիբանանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և դրանց խորհրդին։ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախտագիտությամբ են հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընդունելությունը լիբանանցիների կողմից:

Նախարարը Լիբանանի վարչապետին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը։

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը, խորհրդարանականների փոխայցելությունների և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Լիբանանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են միջինարևելյան զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ինչին հաջորդել են բանակցությունները պատվիրակությունների մասնակցությամբ:

Ջեբրան Բասիլն ասել է, որ երկու պետությունների միջև ձևավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է բարեկամական համագործակցության ամրապնդման երկուստեք ցանկությամբ:

Նախարարները շարունակել են մեկ ամիս առաջ Երևանում մեկնարկած երկխոսությունը, երբ Ջեբրան Բասիլը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:

Նալբանդյանն ու Բասիլն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հարցերին, արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, գործակցությանը բազմակողմ ձևաչափերում, կարևորել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվել է, որ առկա է մեծ ներուժ՝ առևտրատնտեսական համագործակցության խորացման համար, և այս առումով զգալի աշխատանք կա իրականացնելու։

Անդրադառնալով լիբանանահայ համայնքին` նախարարները նշել են, որ հայ համայնքը, մեծ դրական դերակատարություն ունենալով երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, հուսալի ու ամուր կամուրջ է երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև: Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են արտերկրում հայկական և լիբանանյան համայնքային կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանն անդրադարձ է արվել Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախմբի մասնակցությանը: Նալբանդյանն իր գործընկերոջը հայտնել է, որ Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը:

Քննարկվել են Մերձավոր Արևելքում զարգացումները, կարևորվել է միջազգային հանրության համախմբումը ահաբեկչության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլը, անդրադառնալով այս տարվա մարտին Հայաստանի, Լիբանանի, Ռուսաստանի և Վատիկանի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, շեշտել են այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Բանակցությունների օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության սերտացման, այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Նախարարական համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

Նալբանդյանը և Բասիլը քննարկումները շարունակել են Հայաստանի արտգործնախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:

Երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Լիբանանում Հայաստանի դեսպանություն, ուր հանդիպել է Լիբանանի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, պատասխանել լիբանանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Ավարտելով այցելությունը Լիբանան` Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Դամասկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG