Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան. «Մենք գործ ունենք տարրական թալանչիների հետ»


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 26-ը մայիսի, 2015թ.
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 26-ը մայիսի, 2015թ.

Զուրաբյանը վստահ է՝ ՀԷՑ-ը ապագայում էլ շարունակելու է կորուստներով աշխատել։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը լուրջ ուսումնասիրություն է կատարել «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության վերջին հինգ տարվա գործունեության ու լույսի գնի դինամիկայի շուրջ ու եկել այն եզրահանգման, որ եթե հինգ տարվա ընթացքում եղել է հոսանքի երեք թանկացում, և հիմա էլ ՀԷՑ-ը կրկին նույն հարցն է բարձրացնում, ապա «գործ ունենք տարրական թալանչիների հետ»։

«Ոչ թե երեսուն կամ քառասուն, այլ եթե հինգ տարվա ընթացքում դուք արդեն չորրորդ անգամ հայտնվում եք մի վիճակի մեջ, որ պետք է ինչ-որ բան որոշեք, պլանավորեք, որոշում ընդունեք գների վերաբերյալ, հետո պարզվի, որ նորից սխալվել եք, երեք անգամ որոշել եք, և այդ երեք փայլուն որոշումներից հետո կուտակվել է 250 միլիոն դոլարի պարտք, հարց է ծագում՝ կա'մ, կներեք, դուք մտավոր կարողություններ չունեք, հարգելի անդամներ՝ և՛ ՀԷՑ-ի, և՛ հանձնաժողովի, որովհետև չեք կարողանում պարզագույն բաներ հաշվարկել, պարզագույն ֆինանսական պլանավորում կատարել, և ամեն անգամ ձեզ համար նորություն է, որ ինչ-որ մի ֆակտոր կա, որ հաշվի չեք առել, կա'մ դուք միասին զբաղված եք թալանով։ Մենք իրենց մտավոր կարողությունների մասին ավելի լավ կարծիքի ենք, ուստի մենք գալիս ենք այն եզրահանգման, որ մենք գործ ունենք տարրական թալանչիների հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահ է՝ ՀԷՑ-ը ապագայում էլ շարունակելու է կորուստներով աշխատել: «Որ ՀԷՑ-ում գողեր են նստած, դա ինձ համար արդեն որևէ կասկած չի հարուցում», - ընդգծեց Զուրաբյանը:

Օրեր առաջ Ազգային ժողովում Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե մամուլը հեղեղված է, օրինակ, «Նաիրիտ»-ի 30 միլիոն դոլարի թալանի, ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության մասին նյութերով, և հարցին՝ «եթե Սերժ Սարգսյանի կողմից չեք ուղղորդվում, ինչո՞ւ չեք արձագանքում դրանց», Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսպես պատասխանեց. - «Եթե ասում եք՝ ՀԷՑ-ում տեղի է ունեցել այսինչ խախտումը, այդ փաստը ինքնին ինձ համար դեռևս բավարար չէ, որպեսզի ես սկսեմ քրեադատավարական պրոցես։ Մենք ինքնուրույնաբար, առանց քրեադատավարական պրոցես սկսելու, նման ստուգումներ անելու լիազորություններ չունենք»։

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով դատախազի վերոնշյալ հայտարարությանը, Զուրաբյանը նշեց, որ եթե գլխավոր դատախազը ցանկանում է երկրում օրինականություն հաստատել, ապա չպետք է ֆորմալ դիրք գրավի և սպասի, թե ինչ-որ մի տեղից իր սեղանին ապացույց կդրվի։

«Գլխավոր դատախազի գործը՝ նախաձեռնողական կերպով մտնել այն ոլորտները, որտեղ կան լուրջ կասկածներ հանցագործության մասին, և քննել դրանք։ Ո՛չ Հայաստանի գործող նախագահը, ո՛չ Դատախազությունը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ հանձնաժողովը, ոչ ոք մատը մատին չեն տալիս այս իրավիճակը շտկելու համար», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG