Մատչելիության հղումներ

ԵԿՄ մարզային և քաղաքային կառույցները տարբեր թեկնածուների են սատարում Աբովյանի քաղաքապետի ընտրություններում


Աբովյանում այսօր մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը:

Առաջադրված 6 թեկնածուների թեժ պայքարը հասել է նաև Երկրապահ կամավորական միությանը: Միության Կոտայքի մարզային կառույցը սատարում է Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստան»-ի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանին, Աբովյանի կառույցը՝ ՀՀԿ-ի շարքերից հեռացված Արթուր Հարությունյանին:

Այսօր Աբովյանի մի քանի տասնյակ երկրապահներ հավաքվել էին Աբովյանի ԵԿՄ-ի շենքի առջև՝ հայտարարելու, որ մարզային կառույցն իրենց փոխարեն չի կարող քաղաքապետի որևէ թեկնածուի սատարել:

Չնայած սրան՝ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Աբել Հարությունյանը պնդեց՝ երկրապահների մարզային և քաղաքային կառույցների միջև տարաձայնություններ չունեն: Հարցին, թե ինչո՞ւ է մարզային կառույցը հետաքրքրված Աբովյանի քաղաքապետի ընտրություններով, Հարությունյանը պատասխանեց․ - «Ով ում ուզում է ընտրում է, բայց խորհուրդը ընտրել է Վահագ Գևորգյանին»:

Մարզկենտրոնից Աբովյան եկած երկրապահները այսօր շենքի ներսում շուրջ մեկ ժամ փակ խորհրդակցություն անցկացրին, որին, ըստ մասնակիցների, ներկա չէր Աբովյանի ԵԿՄ-ի նախագահը: Դռնփակքննարկման մասնակիցները նախ հրաժարվում էին հարցազրույցներից, հետո էլ հրահանգեցին, որպեսզի լրագրողները լքեն տարածքը․ - «Ասված ա, որ դուրս գաք»:

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ այսօր զրուցել մեզ չհաջողվեց: Խորհրդականը փոխանցեց, որ Մարզային կառույցները իրավունք ունեն ինքնուրույն որոշել, թե որ թեկնածուին են սատարում:

Իսկ առաջադրված 6 թեկնածուներից 5-ի նախընտրական շտաբերն արդեն գործում են, քաղաքում փակցված են նախընտրական պաստառները: Առայժմ ոչ շտաբ, ոչ էլ նախընտրական պաստառներ չունեն թեկնածուներից երկուսը՝ առաջադրման վերջին օրը ցուցակում հայտնված երկրորդ Արթուր Գեղամի Հարությունյանն ու Սամվել Հակոբյանը:

Իր խոսքով, Գագիկ Ծառուկյանի մերձավոր, 28-ամյա գործարար թեկնածու Էդվին Թադևոսյանը, վստահ է՝ ընտրվելու դեպքում՝ Աբովյանում կարող է վերացնել վախի մթնոլորտը:

«Իմ թիմում, իմ շրջապատում մարդիկ խնդրեցին, որ ես պետք է առաջադրվեմ, որովհետև Աբովյանում էդ վախի մթնոլորտը պիտի փոխվի: Չեմ ուզում անուններ տամ, ընդհանուր ժողովրդի մեջ մթնոլորտն է», - ասաց թեկնածուն:

Ինքնառաջադրվելու համար ՀՀԿ-ի շարքերից հեռացված «Պալաչ» մականվամբ հայտնի Արթուր Հարությունյանն ասում է, որ ինքը պայքարում է հիմնականում Ծառուկյանի և նրա աջակցությունը վայելող թեկնածուի հետ:

«Ես համարում եմ մրցակից նաև Գագիկ Ծառուկյանն, որովհետև ինքը հովանավորում է Վահագն Գևորգյանին: Ոչ Վահագն Գևորգյանին մրցակից չեմ համարում», - ասաց Հարությունյանը:

Վահագն Գևորգյանը բոլոր թեկնածուներին համարում է լուրջ մրցակիցներ, որևէ մեկին չի առանձնացրել: Վստահ է, որ առանց ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի աջակցության էլ կընտրվի:

«Երբ որ ես որոշում եմ կայացրել առաջադրման մասին, ես որևիցե քաղաքական ուժի հետ համաձայնություն չեմ ունեցել՝ ինձ սատարելու մասին։ Դա միայն ինձ պարտավորեցնում է: Գագիկ Ծառուկյանի աջակցությունն ինձ միայն բարոյական է», - ասաց Գևորգյանը:

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը որոշել է այս անգամ էլ առաջադրվել․ ասում է՝ քաղաքը պետք է արթնացնեմ: Նեղսրտած է, որ ՀՀԿ-ն իր աջակցած թեկնածուին է միայն ինտելեկտուալ համարում․ - «Ես ինտելեկտուալ չեմ հա՞ , երկու համալսարան ավարտել եմ, պարտշկոլան ավարտել եմ, կոմսոմոլի դպրոցը ավարտել եմ, 32 տարի էդ շենքում մինիմում աշխատանքս եղել է քաղսովետի նախագահը»:

XS
SM
MD
LG