Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի դատախազությունը հարցաքննում է ՍԴ անդամներին


Վիկտոր Յանուկովիչի դեմ հարուցված՝ Ուկրաինայի իշխանությունը բռնազավթելու գործով դատախազությունը հարցաքննել է Սահմանադրական դատարանի չորս դատավորի: Այս տեղեկությունը հրապարակել է Ուկրաինայի գլխավոր դատախազության քրեական գործերի քննության վարչության պետ Յուրի Սևրուկը:

«Ուկրաինայի անվտանգության խորհուրդը քննում է հարցը, թե Սահմանադրական դատարանի դատավորների կայացրած անարդար որոշումն ինչպե՞ս է նպաստել իշխանության բռնազավթմանը: Հիմա դատավորներին հարցաքննում են: Երեկվա դրությամբ հարցաքննել են Սահմանադրական դատարանի չորս դատավորի, ազգանունները չեմ հրապարակում»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազության քրեական գործերի քննության վարչության պետը:

Նրա խոսքով, կասկածյալ կամ մեղադրյալ դեռևս չկա: Յուրի Սևրուկն ավելացրել է՝ քննությունը շարունակվում է:

Ապրիլին Ուկրաինայի անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ քննություն է իրականացնում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ իշխանության բռնազավթման գործով, մասնավորապես 2004 թվականի Սահմանադրությունը փոխելու կապակցությամբ: 2010 թվականին, Վիկտոր Յանուկովիչի ընտրությունից հետո Ուկրաինայի Սահմանադրական դատարանի որոշմամբ, նախագահը ստացել է այն լիազորությունները, որոնցից նա զրկվել էր 2004 թվականի հանրաքվեի հետևանքով:

Բարձր դատարանը Սահմանադրությանը հակասող էր համարել 2004 թվականի «քաղաքական բարեփոխումները»՝ պատճառաբանելով, որ դրանց ընդունման ընթացակարգը հակասահմանադրական է:

Ուկրաինայի անվտանգության խորհրդի քննչական գլխավոր վարչության պետ Վասիլի Վովկը ավելի վաղ հայտարարել էր, որ քննության ձեռք բերած տվյալներով, լինելով երկրի նախագահի պաշտոնում, «Յանուկովիչը, ղեկավարվելով չարամիտ դիտավորությամբ, հանցավոր համաձայնության է եկել պատգամավորների մի մասի և Սահմանադրական դատարանի դատավորների հետ»:

Վասիլի Վովկը դեռ անցյալ ամիս էր հայտարարել, որ նախաքննության ձեռք բերած տվյալների հիմքով պետք է հարցաքննել Սահմանադրական դատարանի այն դատավորներին, որոնք առնչություն են ունեցել Յանուկովիչին, այսպես ասած՝ «սահմանադրական լծակներ» վերադարձնելու գործընթացին: Նախաքննության տվյալներով, Ուկրաինայի Սահմանադրության փոփոխությունները տեղի են ունեցել հանցավոր ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG