Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետը գրեթե երեք տարի է չի հարցաքննվել օֆշորային գործով


Մինչ օրս Քննչական կոմիտեն չի պարզել արդյոք կիպրոսյան օֆշորում գրանցված ընկերության փաստաթղթերում ստորագրությունները նախկին վարչապետ Սարգսյանինն ու արքեպիսկոպոս Կճոյանին են, թե՞ ոչ:

Գրեթե երեք տարի՝ 2012 թվականի օգոստոսից, քննելով օֆշորային հայտնի գործը, Հայաստանի իրավապահ մարմինները չեն հարցաքննել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, թեև տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանը նաև նրան է մեղադրել իր ունեզրկման համար:

Սկանդալային այս գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը այսօր «Ազատության»-ն ասաց, որ ծանոթանալով ավարտված նախաքննության նյութերին՝ պարզել է, որ նախկին վարչապետ և ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Տիգրան Սարգսյանը չի հարցաքննվել, փոխարենը հարցաքննվել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Սրբազանին հարցաքննել են էն հանգամանքների շուրջ, որ Աշոտ Սուքիասյանը ինչ ասում է, նույն ձև էլ, անտեղյակ Կճոյանի կողմից որևէ գործողություն չի կատարվել, իր տեղը ստորագրությունը նմանակել է ․․․ Երևի դրա շուրջ: [Իսկ Տիգրան Սարգսյանին չեն հարցաքննել]», - ասաց Յուրիկ Խաչատրյանը:

Այլ տեղեկություն փաստաբանը չհայտնեց:

Անցած տարվա սեպտեմբերից օֆշորային գործը քննող Քննչական կոմիտեն մինչ օրս չի պարզել՝ արդյոք կիպրոսյան օֆշորում գրանցված Wlispera Holdings Limited ընկերության փաստաթղթերում առկա ստորագրությունները պատկանո՞ւմ են նախկին վարչապետ Սարգսյանին ու արքեպիսկոպոս Կճոյանին են, թե՞ ոչ:

Այսօր «Ազատության» հե զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մանրամասնեց՝ օֆշորային ընկերության փաստաթղթերի բնօրինակները գտնվում են Կիպրոսում: Դրանք, Հայաստանի օրենսդրության համաձայն, կարող է պահանջել միայն գլխավոր դատախազությունը:

Դեռ 2013 թվականի նոյեմբերին ոստիկանությունը դիմել էր դատախազություն՝ Կիպրոս միջազգային քննչական հարցում ուղարկելու համար, սակայն Սոնա Տռուզյանի խոսքով, բնօրինակները առ այսօր չեն ստացվել, քանի որ Կիպրոսի իրավասու մարմինների կողմից միջնորդությունը չի կատարվել:

Օրվա ընթացքում դատախազությունից չպատասխանեցին «Ազատության» հարցմանը՝ թե ինչու մեկուկես տարվա ընթացքում չեն կարողանում Կիպրոսից ստանալ փաստաթղթերը:

«Ազատության» այն հարցին, թե հարցաքննվե՞լ են արդյոք նախկին վարչապետն ու սրբազանը, և եթե ոչ՝ ինչո՞ւ չեն հարցաքննվել, Տռուզյանը այսօր ընդամենը պատասխանեց, որ կա նախաքննության անջատված մաս, որի առնչությամբ աշխատանքները շարունակվում են ու կատարվող քննչական գործողությունների մասին առավել մանրամասն տեղեկություն այս փուլում հրապարակել չի կարող։

Արդեն ավարտված քննությամբ մեղադրանք է առաջադրվել միայն գործարար Աշոտ Սուքիասյանին:

«Միայն դրա մասով է նախաքննությունն ավարտվել, 3 մեղադրանքներ կան՝ նրան առաջադրվել է երեք մեղադրանք՝ խարդախություն, փողերի լվացում, հարկերից խուսափում», - ասաց Սոնա Տռուզյանը:

Տիգրան Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Փայլակ Հայրապետյանի դեմ

Մինչդեռ այսօր նոր հանգամանք ի հայտ եկավ օֆշորային այս պատմությունում: Հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է դատարան՝ մեղադրելով Փայլակ Հայրապետյանին իրեն զրպարտելու համար:

Սարգսյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը «Ազատության»-ը ասաց, որ պահանջում են Հայրապետյանից հերքել նախկին վարչապետի հասցեին հնչեցրած սուտ տեղեկությունները, բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի և դատական ծախսերի հատուցում:

«2015 թվականի մարտի 24-ին shamshyan.com կայքում հրապարակվել է հարցազրույց Փայլակ Հայրապետյանի հետ, որում տեղ են գտել որոշակի արտահայտություններ, որոնք մեր վստահորդի կարծիքով զրպարտում են: Այս պահին չէի ցանկանա ավելի մանրամասն քննարկել, քանի որ դատարանում նույնիսկ առաջին նիստը չի եղել, բայց մի շարք պնդումներ, որոնք գտնում ենք, որ իրենց էությամբ զրպարտություններ են, և դրա կապակցությամբ դիմել ենք դատարան», - ասաց Արամ Օրբելյանը:

Փայլակ Հայրապետյանի հետ այսօր չհաջողվեց կապվել:

XS
SM
MD
LG