Մատչելիության հղումներ

logo-print

«Յուրաքանչյուր մեդալը մեզ համար հաղթանակի մեդալ կլինի»․ հայ մարզիկները կմեկնեն Բաքու


Բաքու չեն մեկնի ըմբշամարտիկներ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը: ՀԱՕԿ քարտուղարի խոսքով, Հայաստանին անվտանգության երաշխիքներ են տվել և ադրբեջանական կողմը, և օլիմպիական կոմիտեները:

Հայաստանը հունիսի 12-28 Բաքվում կայանալիք առաջին օլիմպիական խաղերին կմասնակցի 25 մարզիկներով՝ 6 սպորտաձևերում: Ընտրվել են հատուկ այն մարզաձևերը, որտեղ հայ մարզիկների հաղթելու հավանականությունը շատ բարձր է, այսօր հայտարարեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ վստահեցնելով, որ Բաքու մեկնող մարզիկներից ոչ մեկի վրա ճնշում չի գործադրվել:

«Բոլոր մարզիկները պատրաստ են բարձր պահեն Հայաստանի պատիվը Բաքվում, ինչպես նաև՝ այլ երկրներում: Գնում ենք լավ, հաջող մասնակցելու համար, և յուրաքանչյուր մեդալը մեզ համար հաղթանակի մեդալ է: Բաքվում այդ ծանր հոգեբանական մթնոլորտում իրականում հեշտ չի լինելու մեր մարզիկներին», - ասաց Ռոստոմյանը:

Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք օլիմպիական խաղերին մարզական, այլ ոչ թե քաղաքական որոշում է, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ թեպետ ոչ ոք մեծ հաճույքով չի մեկնում Բաքու, այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն, և Հայաստանը այս մեկին չմասնակցելով կզրկվեր հաջորդ խաղերին մասնակցելու հնարավորությունից:

«Ես տենց հայ չեմ ճանաչում, որ մանկուց երազել է Բաքու գնալ: Սա Եվրոպական օլիմպիական կոմիտեի մրցաշարն է: Մեկուսանալ սպորտային ամենակարևոր միջոցառումներից մեկից․․․ Մեր մարզաշխարհը որոշեց դրան չգնալ», - նշեց ՀԱՕԿ քարտուղարը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը այսօր նաև հավաստիացնում է, որ Անվտանգության բոլոր երաշխիքները Հայաստանը ստացել է ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլ նաև Միջազգային Օլիմպիական Կոմիտեի և Եվրոպայի Օլիմպիական Կոմիտեի կողմից, միևնույն ժամանակ 100 տոկոսանոց երաշխիքների մասին խոսելն ավելորդ է համարում:

Բաքու չեն մեկնի ըմբշամարտիկներ, օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը։ Որոշումը անձնական է, Ռոստոմյանը չի ցանկանում մեկնաբանել, այդուհանդերձ, անկեղծանում է, որ առաջինը ինքը կցանկար տեսնել նրանց սպորտային այս միջոցառմանը:

Ջուլֆալակյանը, ով 2007 թվականին Բաքվում մասնակցել է աշխարհի առաջնությանն, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե սեփական փորձից գիտի՝ ինչ է նշանակում Ադրբեջանում մրցելը․ խոսքն ու գործը տարբեր բաներ են:

«Ամեն ինչը՝ սկսած իրենց ընդունելությունից, երբ գաղտնի ընդունեցին և ավտոբուսի վրա Թուրքիայի դրոշն էր խփած, իրենց ասելով, որ ոչ մի հարձակում չլինի ավտոբուսի վրա, մինչև տարան հյուրանոց, որը 2-3 կիլոմետր շառավղով շրջափակված էր, ոչ մի մեքենա չէր կարող մեր հյուրանոցին մոտենար: Ամբողջ ծովափը փակած էր ոստիկանությամբ՝ ամեն 15 մետրի վրա մեկ զինվոր էր կանգնած լիարժեք զինված: Երբ անձամբ հարցրի՝ ինչի համար է այդ զինվորը, ասացին, որ ծովից հարձակում չլինի: Դե պատկերացրեք, նշանակում է, որ վտանգը կա: Իսկ նման մթնոլորտում տրամադրվել, պատրաստվել, որ անպայման պետք է գնամ, հաղթեմ․․․ Ինչքանո՞վ է դա սպորտային, ինչքանո՞վ է քաղաքականությունից հեռու ․․․», - ասել էր մարզիկը:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը նույնպես կարծում է, որ հայ մարզիկների համար շատ դժվար է լինելու Բաքվում: Այդուհանդերձ, Արթուրը, հոր պնդմամբ, Բաքվի խաղերին չի մասնակցում այլ պատճառով:

Երկու ամսիցտեղի են ունենալու աշխրահի առաջնության խաղերը, և հիմա ըմբշամարտիկը խնայում է ուժերը՝ այդ կարևոր մրցաշարում հաղթանակ ապահովելու համար:

«Աշխարհի բոլոր թիմերը մասնակցում են, բայց Եվրոպական խաղերին մասնակցում են երկրորդ համարներով, այսինքն՝ ով մասնակցում է աշխարհի առաջնությանը իրենց թիմերից, նրանք չեն գնալու Եվրոպական խաղերին», - ասաց Գևորգ Ալեքսանյանը:

Պատվիրակության առաջին խումբը Բաքու կմենկի հունիսի 10-ին: Կազմում կան նաև լրագրողներ: Խաղերը կհեռարձակվեն:

XS
SM
MD
LG