Մատչելիության հղումներ

ԵՄ-ն քննադատում է «անցանկալի» կազմակերպությունների մասին Ռուսաստանի օրենքը


ՌԴ Պետդումայի նիստը, արխիվ

ՌԴ Պետդումայի նիստը, արխիվ

Եվրամիությունը «տագնապահարույց քայլ» է որակում «Անցանկալի կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումը Ռուսաստանում:

Նոր օրենքի ընդունումը, ըստ ԵՄ հայտարարության, սահմանափակում է քաղաքացիական հասարակության գործունեությունը, լրատվամիջոցների անկախությունը և քաղաքական ընդդիմության գործունեությունը:

Մայիսի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը հնարավորություն է ընձեռում իշխանության համար «արտերկրյա անցանկալի» կազմակերպությունները փակել առանց դատարանի որոշման: Ըստ օրենքի, դատախազությունը, առանց դատարանի որոշման, «անցանկալի» կարող է համարել արտերկրյա կամ միջազգային կազմակերպությունը, որը «վտանգ է ներկայացնում Ռուսաստանի դաշնության սահմանադրական կարգին, պաշտպանունակությանն ու անվտանգությանը», և արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ որոշել փակել այդ կազմակերպությունները:

Աղմկահարույց օրենքի երրորդ ընթերցման ժամանակ ռուսական լրատվամիջոցների անտարբերությունն արձանագրած պատգամավոր Դմիտրի Գուդկովը հենց խորհրդարանի նիստերի դահլիճից օրեր առաջ իր հեռախոսով յուրօրինակ «ուղիղ հեռարձակում» էր ապահովել Youtube-ի միջոցով և ներկայացրել դիտարկում, որ քաղաքակիրթ երկրում դատախազությունը չի կարող առանց դատարանի որոշում կայացնել որևէ կազմակերպություն փակելու վերաբերյալ:

«Ընկերներ, աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում միայն դատարանը կարող է որոշել՝ քաղաքացին կամ կազմակերպությունը խախտե՞լ է արդյոք օրենքը, թե՝ ոչ: Իսկ մեզ մոտ ի հայտ են եկել պատգամավորներ, որոնք որոշել են նման իրավասություններ տալ դատախազներին, այդ դատախազները կարող են որոշում կայացնել առանց դատարանի՝ չգիտես ինչու՝ ոչ թե Ռուսաստանի անվտանգության խորհրդի, այլ արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ»,- ասել է պատգամավորը:

Օրենքն արտերկրյա «անցանկալի» կազմակերպություններին արգելում է տեղեկություններ տարածել լրատվամիջոցներով, անգամ՝ ինտերնետով, ինչպես նաև նոր մասնաճյուղեր բացել Ռուսաստանի տարածքում:

«Ես կարծում եմ՝ այդ օրենքը քայլ է սխալ ուղղությամբ: Այդ օրենքը խորացնում է վախի և կասկածամտության մթնոլորտը»,- «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Եվրամիության ներկայացուցիչ Վիհաուդաս Ուշացկասը:

Նրա խոսքով, օրենքի ընդունումը չի համապատասխանում ռուսական հասարակության մասին իր պատկերացումներին, որն ուզում է զարգանալ քաղաքացիական ակտիվ հասարակության շնորհիվ՝ օգտագործելով առանձին ներկայացուցիչների նախաձեռնողական ունակությունները:

«Հսկողությունը, կասկածամտությունը սպանում է մարդկյանց ձգտումները»,- ասել է եվրոպացի դիվանագետը:

«Անցանկալի հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը քննադատել է նաև Միացյալ Նահանգները: Պետդեպարտամենտը վիճահարույց օրենքի ընդունումը մեկնաբանել էր որպես հետապնդում խոսքի ազատության դեմ: Պետդեպարտամենտի խոսնակի գնահատմամբ՝ Ռուսաստանն իր քաղաքացիներին մեկուսացնում է աշխարհից:

Նախքան օրենքի ընդունումը Ռուսաստանի նախագահին էր դիմել ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ օրենքը բացասական ազդեցություն կունենա Ռուսաստանում քաղաքացիական հասարակության վրա:

XS
SM
MD
LG