Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկայում բացահայտել Կրեմլի ստերը


Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկ, արխիվ

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկ, արխիվ

Ֆեդերիկա Մոգերինիին հանձնարարվել է ստեղծել հատուկ թիմ, որը կպայքարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև տեղեկատվական պատերազմի դեմ։

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայատարարում է՝ Արևմուտքի դեմ ռուսաստանյան տեղեկատվական պատերազմում քարոզչությունը չի կարող հաղթել։

«Անցյալ շաբաթավերջին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին հանձնարարվել է ստեղծել հատուկ թիմ, որն ունենալու է մեկ նպատակ՝ պայքարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև տեղեկատվական պատերազմի դեմ», - այս մասին հայտարարել է Դոնալդ Տուսկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

«Քարոզչությունն անզոր է ճշմարտության դեմ, և սրանք դատարկ խոսքեր չեն, իհարկե, մենք որոշակի տեխնիկական միջոցների կարիք ունենք՝ ոչ թե, պարզապես, ռադիոյի, հեռուստաընկերության կամ համացանցի, այլ համակարգված աշխատանքի՝ վերլուծական կենտրոնների մասնակցությամբ։ Գործն ընթացքի մեջ է, ես վստահ եմ, որ ապատեղեկատվության և ճշմարտության առճակատման արդյունքը մենք կտեսնենք մոտ ապագայում», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Նրա խոսքով, Ռուսաստանի և Արևմուտքի միջև տեղեկատվական պատերազմի պայմաններում ստվերում է մնում Եվրոպայի կյանքը, Ուկրաինայի հակամարտության մասին իրականությունն ու այլ արդիական թեմաներ։ Այս հարցերի մասին է իրազեկելու նոր եվրոպական ռուսալեզու լրատվամիջոցը։

«Ռուսական քարոզչությունը Եվրոպական տարածքում ուժեղ ու ակտիվ է հատկապես Բալթյան երկրներում, ինչպես նաև Չեխիայում և Բուլղարիայում, որտեղ մեծ թվով ռուսներ են բնակվում», - պարբերաբար գրում են տեղի լրատվամիջոցները։

«Ռուսաստանը նույն Լատվիայում ֆինանսավորում է զանգվածային քարոզչական արշավ, որն ուղղված է ռուսական փոքրամասնությանը», - գրում են լատվիական լրատվամիջոցները. - «Չորս ռուսական հեռուստաընկերություն մշտապես հեռարձակում է համերգային հաղորդումներ, թոք-շոուներ, ինչպես նաև լուրերի թողարկումներ և վերլուծական հաղորդումներ՝ նպատակը մեկն է՝ ռուսախոս բնակչության վզին փաթաթել կանխակալ կարծիք»։

2014 թվականին մարտին անցկացված հարցումների արդյունքները վկայում են, որ, օրինակ, լատվիացիների 21 տոկոսը չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, իսկ 33 տոկոսն էլ կարծում է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններին խառնվելու համար։

XS
SM
MD
LG