Մատչելիության հղումներ

Սկանդալային բացահայտումներ՝ Չեչնիայի նախագահի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմում


Կտտանքներ, առևանգումներ, սպանություններ, վախ, աղքատություն, կոռուպցիա. շարունակվող այս շարքը՝ Չեչնիայի նախագահի մասին պատմող վավերագրական ֆիլմում:

«Բաց Ռուսաստան» հասարական կազմակերպությունը, որի հիմնադիրը «Յուկոս» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին է, ներկայացրել է Ռամզան Կադիրովի մասին «Ընտանիք» անվանումով ֆիլմը:

«Մենք գիտենք Ելցինի ընտանիքի մասին, գիտեինք, թե ովքեր են Պուտինի ընկերները, այժմ իմացանք նաև Պուտինի ընտանիքի մասին. այդ ընտանիքի զավակը Ռամզանն է», - ֆիլմում ասում է ավելի քանի 10 տարվա բանտարկությունից հետո անցած տարի ազատ արձակված Միխայիլ Խոդորկովսկին:

Ֆիլմը, մասնավորապես, պատմում է Չեչնիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների, չվերահսկվող կոռուպցիայի, Կադիրովի և Կրեմլի փոխհարաբերությունների, նրա կողմից ստեղծված ուժային կառույցների և դրանց իրական՝ ոչ թե օրենքով վերապահված առաքելության մասին: Ներկայացվում են հարցազրույցներ լրագրողների և այն մարդկանց հետ, ովքեր Չեչնիայի բռնապետ ղեկավարի ռեժիմի զոհն են:

«Չեչնիան թղթե տնակ է. բոլորը վախենում են, որ այն կարող է մի օր փուլ գալ: Կադիրովն այսպես ասած՝ քարտ բլանշ ունի, անսահմանափակ լիազորություններ՝ առևանգումների, կտտանքների և ամենաթողության համար», - նշում է ժամանակին Չեչնիայում աշխատած իրավապաշտպան Անտոն Ռիժկովը, ում ղեկավարած կազմակերպությունը ավերվել է տեղի ուժայինների կողմից, իսկ կազմակերպության իրավապաշտպանները տարբեր բռնությունների ենթարկվել:

Ժապավենի հեղինակները պարզել են, որ Կադիրովի իշխանության ներքո բացի բազմամիլիարդ բյուջետային պահումներից գործում է նաև տուրք հավաքելու համընդհանուր համակարգ․ Չեչնիայի յուրաքանչյուր բնակիչ ամեն ամիս պարտավոր է կլորիկ գումար մուծել Ռամզան Կադիրովի մոր ղեկավարած Ահմաթ Կադիրովի անվան հիմնադրամին:

«Ալլահն է ուղարկում», - իր կուտակած միլիոնների մասին հարցին Կադիրովը որպես կանոն այսպես է պատասխանում:

Լրագրողները ենթադրում են, որ հենց այս հիմնադրամը նկատի ունի չեչեն բռնապետը՝ Ալլահի անունը հիշատակելիս:

Ֆիլմի հեղինակը թվարկում է հարյուր հազարավոր դոլարներ արժեցող նվերները, որոնք Չեչնիայի նախագահը շռայլել է տարբեր աստղերի՝ այդ թվում դիզայներ Զվերևին, ֆուտբոլիստ Մարադոնային, բռնցքամարտիկ Մայք Թայսոնին:

Լրագրողներին հաջողվել է պարզել, որ շուրջ 2000 մարդուց բաղկացած ոստիկանական թիկնազորն է ապահովում Կադիրովի անձնական անվտանգությունը:

«Չեչեն ուժայիններն առաջին հերթին վասալներ են. պետք է տո՞ւն վառել՝ նրանք կվառեն, պետք է կտտանքների՞ ենթարկել՝ նրանք պատրաստ են», - գնահատում է լրագրող Գրիգոր Շվեդովը:

Տարբեր հաշվարկներով Չեչնիայի ուժային կառույցն իրենից ներկայացնում է 80 հազարանոց զորք. անցյալ տարի Կադիրովը Գրոզնիի մարզադաշտում ընդունել է հավիտենական հավատարմության մասին 20 հազար իրավապահների երդումը:

«Պուտինն իր երեք ամենակարևոր ձեռքբերումները համարում է Հյուսիսային Կովկասի հանգստությունը, քաղաքական-տնտեսական կայունությունը Ռուսաստանում և Ղրիմի բռնակցումը: Այդ իմաստով՝ Կադիրովը այդ ձեռքբերման մեկ երրորդն է կազմում», - ասում է քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG