Մատչելիության հղումներ

Նախարարը դեմ է Եվրադատարանում կրած պարտությունների համար հայաստանյան դատավորներին պատժելուն


Հայաստանի արդարադատության նախարարի պնդմամբ՝ Ստրասբուրգյան դատարանում Հայաստանի պարտությունները հայ դատավորների մեղքով չեն:

Մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի պարտություններից որևէ մեկը չի եղել հայաստանյան դատավորների սխալի պատճառով՝ այսօր հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Վերջին հինգ տարիներին այս պարտությունների հետևանքով Հայաստանի պետական բյուջեն ավելի քան կես միլիոն եվրո է կորցրել, որևէ դատավոր, սակայն, ըստ նախարարի մեղավոր չի ճանաչվել և պատասխանատվության չի ենթարկվել, թեև օրենքը նման հնարավորություն ընձեռում է։ Հարցին՝ արդյոք ճիշտ չի՞ լինի, որ գումարը փոխհատուցեն խախտումներ թույլ տված դատավորնեըը, Մանուկյանը պատասխանեց. - «Եթե մենք նման բան մտցնենք, ես կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները մեզ չեն հասկանա։ Ես կտրականապես դեմ եմ դրան, և վերջապես ուզում եմ հիշեք, որ Եվրոպական դատարանում մեր պարտությունների միակ պատասխանատուն դատավորները չեն, որովհետև կան դեպքեր, որ նույնիսկ առանց դատարանի մարդը կոնկրետ իրավունքի խախտումով կարող է դիմել Եվրոպական դատարանին»:

Եվրոպական դատարանում մի քանի գործերով հաղթած փաստաբան Արտակ Զեյնալյանը, մինչդեռ պնդում է՝ Հայաստանը եվրոպական դատարանում մեծամասամբ պարտվում է հենց դատավորների թույլ տված խախտումների պատճառով։

«Եթե դատավորը իմացավ, որ ինչ էլ անի, ինչպիսի դատական ակտ էլ կայացնի, միևնույնն է՝ դրա համար ինքը պատասխանատվության չի ենթարկվելու, Եվրոպական դատարանում ՀՀ պարտությունից հետո դատավորը որևէ բանով կաշկանդված չի լինելու հրահանգը, հանձնարարությունը, հեռախոսային արդարադատության պատվերը չկատարելու», - ասում է փաստաբանը:

Եվրադատարանում շուրջ մեկ տասնյակ գործերով հաղթած փաստաբան Արթուր Գրիգորյանը ևս դատավորների թույլ տված խախտումների բազմաթիվ օրինակներ է հիշում։ Հայաստանյան պրակտիկան երբեմն անգամ Եվրոպական դատարանի դատավորների ապշանքն է առաջացնում՝ ասում է փաստաբանը։ Նա հիշում է, թե ինչպես էր, օրինակ, Սյունիքի մի դատավոր խոստովանել, որ ցուցմունքները կորզվել էին խոշտանգումների միջոցով։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի կարծիքով, Եվրոպական դատարաններում կրած պարտությունների թվով Հայաստանը այնքան էլ վատ դիրքում չէ և վիճակը կարելի է բարվոք համարել։ Նախարարը, մասնավորապես, նշեց Հունգարիայի և Ռումինիայի օրինակները՝ եզրակացնելով․ - «Այս առումով Հայաստանի վիճակը բարվոք է»:

Ճիշտ է, մինչև 2014 թվականը Հունգարիան Եվրոպական դատարանում ընդհանուր առմամբ պարտություն է կրել շուրջ 350 անգամ, իսկ Ռումինիան 1000-ից ավել գործերում, սակայն առաջինի բնակչությունը հասնում է 10, իսկ երկրորդինը՝ 20 միլիոնի։

XS
SM
MD
LG