Մատչելիության հղումներ

Ստվերի դեմ պայքարը «մեկ օրվա, անգամ մեկ տարվա գործ չէ»


«Ստվերը բոլոր ոլորտներում է», - այսօր հայտարարեց անցած տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումներին մասնակցող Ֆինանսների նախարարը։

Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ ստվերն «ավելի մեծ է խոշոր ձեռնարկություններում»։

Վարչապետն անցած տարվա մայիսին խոշոր գործարարներին ստվերից սեփական կամքով դուրս գալու ժամանակ էր տվել՝ մինչև հուլիս։ Այդ ժամկետն անցավ։ Գագիկ Խաչատրյանն այդ կապակցությամբ ասաց, թե ստվերի դեմ պայքարը մեկ օրվա, անգամ մեկ տարվա գործ չէ և թվեր վկայակոչեց․ -«4 միլիարդ՝ «ԱրմենՏել», 16 միլիարդի կարգի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային․․․ Մեկ օրում, մեկ տարում հնարավոր չէ հազարավոր ձեռնարկությունների հետևից գնալ ու ստուգումներ անել»:

Հարցին, թե որքան գումար են ստվերից հանել Սամվել Ալեքսանյանի ու Ալեքսանդր Սարգսյանի բիզնեսներից, Խաչատրյանն արձագանքեց․ - «Սամվել Ալեքսանյան․ միայն հսկիչ-դրամարկղային խախտումներով 250 միլիոնի ակտ ենք գրել և գանձել: Ալեքսանդր Սարգսյանին որ ասեք ինչ բիզնեսներ է, ես կասեմ»:

Լրագրողների պնդմանը, թե Ալեքսանդր Սարգսյանը զբաղվում է բանանի ներկրմամբ, նախարարը հակադարձեց․ - «Չունի՛ բանանի բիզնես, հանգստացե՛ք»:

Հարցին, թե գուցեև ունի, բայց ինքը չգիտի, պատասխանեց․ - «Ես այնքան շատ բան գիտեմ, բայց պիտի ստիպեք, որ պատասխանեմ»:

Մամուլի հրապարակումների համաձայն, Գագիկ Խաչատրյանի ընտանիքին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը։ Նրա անվան հետ են կապվում նաև սննդամթերքի ներկրմամբ զբաղվող «Ապեյրոն» և « Մեգաֆուդ» ընկերությունները, «Մեգա մոթորս»-ը,« «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Սանտա ֆե» սրճարանը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, արբանյակային հեռարձակման, ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայություններ մատուցող իրականացնող «Յուքոմ» ընկերությունը։

«Ես այնքան շատ բան գիտեմ, բայց պիտի ստիպեք, որ պատասխանեմ»:

Ընտանեկան բիզնեսի մասին հարցերը Խաչատրյանը հորդորում էր ուղղել դրանով զբաղվողներին՝ ակնարկելով, թե ինքը բիզնեսմեն չէ։

Բայց հենց պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման մասին հարց հնչեց, ընտանեկան բիզնեսի առավելություններն ընդգծեց: Հարցին, թե ինչպես հաջողվեց գրեթե բոլոր պետական կառույցներում իրեն պատկանող «Յուքոմ» ընկերության ցանց անցկացնել, Խաչատրյանն արձագանքեց․ - «Այդ ի՞նչ հարց եք տալիս: Այսինքն ես այնքան ազատ ժամանակ ունեմ, որ այդ ցանցը ե՞ս պետք է անցկացնեմ: Դուք գնացեք ուսումնասիրեք, տեսեք, թե պետական կառույցները այդ ցանցն անցկացնելով ինչքան խնայողություններ ունեն․․․ Ի՞նչ կապ ունի «Յուքո՞մ»-ն է, թե՞ ինչ-որ ուրիշ ձեռնարկություն»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հասարակությունն իր մասին ասում է, թե կոռուպցիայի դեմ չի կարող արդար պայքարել մեկը, ում ընտանիքը ընտանիքը ունի մեծ բիզնեսներ, Գագիկ Խաչատրյանը հակադարձեց․ - «Հասարակությունը նման բան չի ասում, դա դուք եք ասում: Ես շատ հաճույքով կպատասխանեմ: Շատ հպարտությամբ եմ նայում, որովհետև եթե ուսումնասիրեք դուք կառույցի գործունեությունը վերջին տարիներին, կտեսնեք, թե ինչ ցուցանիշներ ունենք, որը ոչ թե դուք եք գնահատում, այլ գնահատում են միջազգային կառույցները»:

Հաջորդ հարցին՝ սխալմա՞մբ են Ձեզ համարում օլիգարխ, Խաչատրյանն արձագանքեց․ - «Համարողներին խնդրում եմ հարցը տվեք»:

Ֆինանսները նախարարը փոխանցեց, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսների ստուգումները շարունակվում են: «Ծավալներն են մեծ», - ասաց նա՝ այսօր էլ ձեռնպահ մնալով հրապարակել արդյունքները։

Այդ ստուգումների մասին որոշումը, հիշեցնենք, կայացվեց Ծառուկյանի՝ իշխանափոխության մասին հայտարարությունների ֆոնին։

Դիտարկմանը, թե քաղաքականությամբ չզբաղվելու՝ Ծառուկյանի որոշումից հետո «ներվեցին» խորհրդարանում նրա բացակայությունները, և հարցին, թե հնարավո՞ր է նաև հարկերի մասով քաղաքական որոշում լինի, Ֆինանսների նախարարը պատասխանեց․ - «Մենք կներկայացնենք Հանրապետության վարչապետին, վարչապետը կներկայացնի»:

Վաղվա տնտեսական իրողությունները, ըստ Գագիկ Խաչատրյանի, հնարավոր չէ գուշակել, տնտեսական աճը՝ նույնպես:

Հիշեցմանը, որ անցած տարի կանխատեսած 5.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն 3.4 արձանագրվեց, նա արձագանքեց․ - «Միշտ էլ այդպես է լինելու: Ամեն օր մենք նոր տնտեսական իրողության մեջ ենք: Հիմա դուք կարո՞ղ եք կանխագուշակել, թե վաղը ինչ տնտեսական իրողություն կունենանք․․․ Չե՛ք կարող»:

Ֆինանսների նախարարը չհերքեց, որ արտաքին առևտրաշրջանառության անկում կարող է արձանագրվել նաև ապրիլ-մայիս ամիսներին․ - «Նման ռիսկեր մենք ունենք: Որովհետև հիմնական մեր գործընկեր Ռուսաստանի նկատմամբ եվրոպական երկրների սանկցիաները մեծ դերակատություն ունեն: Եվ մեր հիմնական ռիսկերից մեկը համարվում է դա: Դա նպաստում է նաև տրասֆերտների նվազեցմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG