Մատչելիության հղումներ

Բյուջեի կատարողականի ոլորտային քննարկումներին հիմնական զեկուցողները խորհրդարան չէին եկել


Բյուջեի կատարողականի ոլորտային քննարկումներին հիմնական զեկուցողները խորհրդարան չէին եկել
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Բյուջեի կատարողականի վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության զեկույցները այդ գերատեսչությունների ղեկավարների փոխարեն այսօր խորհրդարանում ներկայացնում էին նրանց տեղակալները:

«Դուք ճշտե՞լ եք, թե ինչու հիմա՝ ոլորտային հաշվետվությունների ժամանակ, մենք չենք տեսնում որևէ նախարար կամ Կառավարությանն առընթեր որևէ մարմնի առաջին դեմքի», - հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նիստը վարողը՝ հանրապետական Գագիկ Մինասյանը, չկարողացավ ասել, թե որտեղ էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը և նախարար Արմեն Երիցյանը: Նա խորհուրդ տվեց հարցը ուղղել համապատասխան գերատեսչությունները ներկայացնող պաշտոնյաներին:

Մինասյանի գործընկերը՝ Պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ շտապեց տեղեկացնել․ - «Մենք հրավիրում ենք, որպեսզի նրանք մասնակցեն, իսկ բացակայությունների մասով արդեն թող պատասխաններ տան գերատեսչությունների ղեկավարները»:

Առաջին զեկույցը արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությանն էր, փոխնախարար Տերտերյանին հարց տալու հնարավորությունը Նաիրա Զոհրաբյանը բաց չթողեց՝ ո՞ւր է նախարար Երիցյանը։

«Պարոն Երիցյանը այսօր Հանրապետության նախագահի հետ մասնակցում է Արգածոտն և Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցին», - պատասխանեց

Ոստիկանությունը ներկայացնող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը Վլադիմիր Գասպարյանի բացակայության պատճառներից չխոսեց, փոխարենը պնդեց՝ ոստիկանությունը 2014-ին արդյունավետ է աշխատել։ Ելույթից հետո էլ «Ազատության» հարցին՝ ուր է ոստիկանապետը՝ խուսափեց պատասխանել։

Հաջորդը ԱԱԾ զեկույցն էր։ Գորիկ Հակոբյանի փոխարեն խորհրդարան էր եկել նրա տեղակալ Արամ Հակոբյանը։ Նա էլ պնդեց՝ ծառայությունը 2014 թվականին բարեխիղճ է աշխատել։ Իսկ հարցին՝ ինչո՞ւ խորհրդարան չի եկել Գորիկ Հակոբյանը, ԱԱԾ փոխտնօրենը լակոնիկ պատասխանեց․ - «Ինքը պլանավորված հանդիպում ուներ»:

Գերատեսչությունների ղեկավարների՝ Ազգային ժողով չգալը նորություն չէ, ընդամենը մի քանի օր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին խնդրեց լուծել խնդիրը, վարչապետն էլ ասաց, որ հանձնարարել է և բոլոր նախարարները պարտավոր են ներկայանալ նիստերին, քանի որ օրենքը չհարգելու իրավունք չունեն։

Այս հայտարարությունից 5 օր է անցել, բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ 4 ոլորտներից միայն մեկի ղեկավարը՝ պաշտպանության նախարարն էր եկել։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով առաջին դեմքերի բացակայությունը հանձնաժողովի նիստին անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի հանդեպ։

«Միգուցե չեն գալիս, որովհետև չեն տիրապետում ոլորտի նրբություններին և կարող են լինել այնպիսի հարցեր, որ ոլորտային փոխնախարարը առավել է տիրապետում, քան նախարարը: Սա այլ խնդիր է: Բայց այդ դեպքում նշանակեք այնպիսի նախարարներ․․․ ոչ միայն քաղաքական պաշտոն է, ի վերջո, նախարարը, այլ նաև նա պրոֆեսիոնալը պիտի լինի ոլորտի», - կարծիք հայտնեց Զոհրաբյանը:

XS
SM
MD
LG