Մատչելիության հղումներ

Սյունեցիները թերահավատ են, թե մարզպետի որդու մասնակցությամբ միջադեպի մեղավորները կպատժվեն


23 օր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներ ու մեղադրյալներ դեռ չկան։

Նախաքննական մարմինը դեռ չի շտապում գլխավոր դատախազությանը տրամադրել Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործի նյութերը, թեև Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դեռ անցած հինգշաբթի էր խոստացել պահանջել գործը՝ պարզելու, արդյո՞ք ճիշտ քրեական գնահատական է տրվել միջադեպի մասնակից Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին որպես վկա ներգրավելուն։

Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ գործով հսկողություն իրականացնող դատախազը դեռ ուրբաթ օրն է Քննչական կոմիտեից պահանջել գործի նյութերը, սակայն, նախաքննական մարմինը դրանք չի տրամադրել։

Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ նյութերը կփոխանցվեն քննչական ու դատավարական գործողություններից հետո միայն։

Այս պահի դրությամբ հաղորդվում է, որ հարցաքննության են հրավիրվել մոտ երկու տասնյակ անձինք։ 23 օր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներ ու մեղադրյալներ դեռ չկան։

Ծեծկռտուքի հետևանքով տուժած Զաքարյանների հայրը շարունակում է պնդել, որ Գորիսի ծեծկռտուքին մասնակցել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները։

Աղմկահարույց այս միջադեպի մասին Սյունիքում հիմնականում գերադասում են լռել։ Սյունեցիները մարզպետի մասին կա՛մ լավն էին խոսում, կա՛մ խուսափում էին պատասխանել Խաչատրյանների ընտանիքին առնչվող սկանդալային միջադեպերի վերաբերյալ հարցերին։

Մարզպետի ենթակայության տակ գործող գյուղապետերը Խաչատրյանի մասին խոսելիս աշխատում են միայն դրականը ընդգծել։

Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը բացառում է, որ Սյունիքում վախի մթնոլորտ է տիրում․ - «Երբևէ չեմ տեսել, որ մի սյունեցի դա արտահայտի․․․ բոլորը դրսից են: Սյունիքից դուրս ժողովուրդն են այդպես կարծում: Սկանդալային պատմություններ բոլորիս հետ էլ կարող են պատահել: Ուղղակի այստեղ խնդիրը այն է, որ որոշ սադրիչներ ուզում են այդ ամենը ուռճացնեն»:

«Մեր գյուղի ժողովուրդը իրեն [Սուրիկ Խաչատրյանին] շատ լավ ընդունում է», - ասաց Խոտ համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը:

Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանն ասաց․ - «Չեմ կարող ասել, թե ինչու են մահափորձ անում: Չի՞ պատահում, որ լավերի նկատմամբ են մահափորձ անում: Միգուցե նաև չուզողներ կան»

Սյունիքում, սակայն, հանդիպեցինք, մարդկանց, ովքեր հաստատեցին, որ Սյունիքում վախի ու անպատժելիության մթնոլորտ է:

«Ազատության» հարցին, թե որն է դրա պատճառը, սյունեցի մի տղամարդ պատասխանեց․ - «Ընդհանուր երկրում կարգ ու կանոն չկա: Եթե օրենք լիներ, որ մի բան լինում է, անպատիժ չի մնում, ամեն ինչ իր տեղով կգնա: Ի՞նչ կապ ունի․․․ ստեղ մեկը մարզպետից է վախում, Երևանում էլ մեկը մի ուրիշից ա վախում: Ի՞նչ տարբերություն»:

Մյուսները կա՛մ խուսափում էին պատասխանել «Ազատության» հարցերին, կա՛մ պնդում էին, որ մարզում ամեն ինչ լավ է։

Վերիշենցի Ավրորա Բադալյանը «Ազատությանը» պատմեց, որ իր որդուն 2004 թվականին դանակահարել-սպանել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին։ Տարեց տղամարդը ստիպված մյուս որդուն միջադեպից հետո արտերկիր է ուղարկել:

«Լիսկայականները չթողեցին, որ տղաս ապրի», - չկարողանալով զսպելով հուզմունքը՝ ասաց նա:

Բադալյանն ասաց, որ իր որդուն սպանողներից մեկը վեց տարի ազատազրկումից հետո արդեն ազատ է արձակվել, իսկ մյուսը, քանի որ «իբր անչափահաս» է եղել, երեք ամիս հետո է ազատ արձակվել:

«Ազատության» հետ մասնավոր զրույցներում որոշ սյունեցիներ դարձյալ վախվորած թերահավատություն էին հայտնում, թե մարզպետի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո մեղավորները արժանի պատիժ կստանան։

XS
SM
MD
LG