Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը դժգոհել է «հայկական շրջանակներից»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Անկարան ողջունում է Ռուսաստանի մասնակցությունը Թուրքիայի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորմանը, բայց հայկական կողմին կոչ է անում չխանգարել ռուս-թուրքական հարաբերություններին: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յրդըմը:

«Ցավոք շրջանակներ կան, որոնք հետաքրքրված չեն մեր հարաբերությունների զարգացմամբ», - ասել է դեսպանը նշելով․ -«Օրինակ, Ռուսաստանում և դրսի որոշ հայկական շրջանակներ այլ տեսակետ ունեն: Նրանք չեն նպաստում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ավելին, կարող եմ ասել, որ նրանք բացասական ազդեցություն են թողնում այդ գործընթացի վրա»:

Նա հույս է հայտնել, որ դրսի բացասական վերաբերմունքը ազդեցություն չի ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա. - «Մեր հարաբերություններին վնաս հասցնելու նպատակով տարբեր ակցիաներ են անցկացվում, բայց մենք հավատում ենք, որ դրանք ազդեցություն չեն ունենա մեր հարաբերությունների դինամիկ զարգացման կուրսի վրա»:

«Այնքան էլ ճիշտ չէ, երբ երրորդ կողմը փորձում է ստվեր գցել մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Ումիթ Յրդըմը՝ ընդգծելով, որ Անկարան միշտ «ուրախ կլինի, եթե ռուսական կողմը նպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև վիճելի հարցերի կարգավորմանը»:

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելելով Հայաստան՝ մասնակցել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին, որին հետևեց Անկարայի կոշտ արձագանքը:

Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է. - «Շատ կարևոր է ուշադիր ծանոթանալ նախագահ Պուտինի ելույթին (Երևանում): Ինչպես նաև շատ կարևոր է չմոռանալ, որ մեր ռազմավարական գործընկերն է նաև Թուրքիան: Մենք բավականին դիվերսիֆիկացված հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ և գտնում ենք, որ մեր հարաբերությունները զարգացնելու հեռանկարները շատ լայն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG