Մատչելիության հղումներ

Մի խումբ երիտասարդներ այսօր «Ոչ թալան»-ին կարգախոսով բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց:

«Դաշնակցության» երիտասարդական միությունը ևս միանում է Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին։ Երկու օրիցնախատեսված հանրահավաքից առաջ, մի խումբ երիտասարդներ այսօր«Ոչ թալան»-ին կարգախոսով բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց:

«Ձեր հարստությունների, ճոխությունների մեջ երևի չեք պատկերացնում, որ 35 տոկոս աղքատություն կա երկրում: Եվ հոսանքի թանկացումը ավելի է աղքատացնելու ժողովրդին, բերելու է արտագաղթի նոր ալիքի», - բարձրախոսով հայտարարեց Մեսրոպ Եսայանը:

Երիտասարդ դաշնակցականների կարծիքով, կառավարությունը որևէ կերպ չի փորձում զսպել ռուսական ՀԷՑ-ի ախորժակը, որը չնայած կուտակել է մոտ 250 միլիոն դոլարի պարտք, սակայն իր ղեկավար կազմի համար տարիներ շարունակ մի քանի հարյուր միլիոն դրամով վարձակալել է թանկարժեք մեքենաներ, և ընդարձակ բնակարաններ Հյուսիսային պողոտայում։

«Հեռախոսային ծառայությունների վրա միայն 2012 թվականին 230 միլիոն դրամ է ծախսել: 2013-ին՝ նույն ծառայությունների համար 272 միլիոն դրամ: 2011 թվականին ընկերությունը 36 ամսով վարձակալել է 21 ավտոմեքենա՝ վճարելով 259 միլիոն դրամ», - ասաց հանրահավաքի մասնակիցների մեկը:

Ակցիայի մասնակիցների պնդմամբ, 17 դրամով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի հայտն անհիմն է։ Նրանք վստահ են, որ շռայլություններից ու վատ կառավարումից բացի բաշխիչ ընկերությունում կա գողություն, ինչի մասիննախորդ շաբաթ հայտարարեց նաև Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը։ Երիտասարդ դաշնակցականները պահանջում էին կամ աշխատանքից ազատել նախարարին, կամ՝ իրավական ընթացք տալ նրա հայտարարություններին և քրեական գործ հարուցել՝ մեղավորներին պատժելու համար։

«Սա նշանակում է, որ ինքը տիրապետում է նյութերի, որ տեղի է ունեցել հանցագործություն, իսկ հանցագործության մասին իմանալ ու չհայտնելը նույնպես հանցագործություն է: Այսինքն, պետական պաշտոնյան՝ էներգետիկայի ոլորտի պատասխանատուն խոսում է գողությունների մասին, սակայն ընթացք չի ստանում հարցը: Կարո՞ղ են մեզ բացատրել՝ ինչու», - հարցրեց երիտասարդը:

Վերջին 3 տարում ՀԷՑ-ը գրեթե նույն հիմնավորմամբ 3 անգամ արդեն բարձրացրել է հոսանքի գինը։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները զարմանում են, եթե ընկերությունն իսկապես լուրջ կորուստներ ունի ու հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ, ապա ինչպես է պատահում, որ նույն այդ ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներն օր օրի հարստանում են։

«Այսինքն, մեր քաղաքացիները պետք է տնտեսեն իրենց սննդի, հագուստի, ժամանցի և այլնի հաշվին, որպեսզի ՀԷՑ-ի ղեկավարներն ապրեն ճոխության մեջ, իրենց մերձավորներին անվճար հոսանք տրամադրեն և այլն: Մի հատ խնդրում եմ, նայեք ՀԷՑ-ի մասնաճյուղերի տնօրենների անձնական ունեցվածքը ու կհամոզվեք»:

Իրենց պահանջները գրավոր տեսքով կառավարության աշխատակցին հանձնելուց հետո, Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք։

Դաշնակցական ակտիվիստները հայտարարեցին, թե այսօր երեկոյան կմիանան թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնությանն ու երկու ժամ չեն օգտվի Էլեկտրաէներգիայից։

XS
SM
MD
LG