Մատչելիության հղումներ

Ակցիան ուղղված է ՀԷՑ-ի՝ հոսանքը թանկացնելու նախաձեռնության դեմ:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր երեկոյան երկու ժամով կհրաժարվեն հոսանքից՝ որպես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա։

Ակցիայի կազմակերպիչներն ասում են, որ իրենց նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև որոշ առաջատար լրատվամիջոցներ, որոնք երկու ժամով կդադարեցնեն իրենց աշխատանքը։

Ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանն ասում է, որ սա հոսանքի թանկացման դեմ պայքարելու ևս մի ձև է: «Երկու ժամ հոսանք անջատելու հետևանքը կլինի նա, որ ՀԷՑ-ը բավականին մեծ վնասներ կկրի, որովհետև բոլորիս հայտնի է, որ էլեկտրաէներգիան այն ապրանքը չի, որը հնարավոր է արտադրել ու պահեստավորել, այսինքն՝ արտադրվեց՝ պիտի օգտագործվի, իսկ եթե երկու ժամ մեծ քանակի մարդիկ չօգտագործեն հոսանք, ՀԷՑ-ը կարտադրի ու չի սպառվի՝ կցնդի, ինքը բավականին մեծ վնաս կկրի: Նպատակը դա է՝ վնասով ցույց տալ, որ եթե ուզում եք մեզ ավելի շատ թալանել, կզրկվեք նաև եղածից», - ընդգծում է նա:

Ակտիվիստներն առաջարկում են այդ երկու ժամվա ընթացքում տներից դուրս գալ ու շրջել քաղաքում։

Հիշեցնենք, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով։ Հանձնաժողովը հայտը կուսումնասիրի առաջիկա մեկ ամսվա ընթացքում և կորոշի՝ թույլատրե՞լ սակագնի բարձրացում, թե՞՝ ոչ։

Մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են նախաձեռնել՝ կանխելու հոսանքի սակագնի հնարավոր բարձրացումը։

Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհրապարակի իր եզրակացությունը, երևանցիները տնտեսագետներից լսածներով հաշվարկում ու անտրամաբանական են համարում հոսանքի թանկացումը։

XS
SM
MD
LG