Մատչելիության հղումներ

logo-print

«Հայկական ճամբարը» փոխանցվեց Ստամբուլի հայերին


Թուրքիա - Ստամբուլի հայ համայնքը 2015 թվականի ապրիլի 24-ի արարողությունների ժամանակ

Թուրքիա - Ստամբուլի հայ համայնքը 2015 թվականի ապրիլի 24-ի արարողությունների ժամանակ

Շինության ավերումը թույլ չտալու համար 19 օր շարունակ նստացույց անցկացրած թուրքահայերի վեճը շինարարական ընկերության հետ կարգավորվել է:

Նախօրեին թուրքահայերը լուրջ հաջողություն են գրանցել. Ստամբուլի Թուզլա թաղամասում նրանք կարողացել են պահպանել քանդման ենթակա «Հայկական ճամբար» տարածքի շինությունը, որը նախկինում ծառայել է իբրև մանկատուն։

Այդտեղ ժամանակին ապրել են հազարավոր հայ որբեր։ «Քեմփ Արմեն»-ում՝ «Հայկական ճամբարում» իր կյանքի մի մասն է անցկացրել նաև հայազգի լրագրող, 2007 թվականի հունվարի 19-ին երիտասարդ թուրք ազգայնականի կողմից դավադրաբար սպանված Հրանտ Դինքը։

Երեկ հաղորդվեց, որ շինարարական ընկերության հետ վեճը կարգավորվել է, տարածքը սեփականատիրոջ` Ֆաթիհ Ուլուսոյի որոշմամբ կփոխանցվի հայ բողոքական եկեղեցուն և կրթական հիմնադրամին։ Այդ մասին հայտնել է «Նոր զարթոնք» անվամբ հայկական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսիս Կալկը։

Վերջինիս փոխանցմամբ՝ «Նոր զարթոնք»-ի և «Հայկական ճամբարի համերաշխության» ակտիվիստները 19 օր շարունակ նստացույց են անցկացրել շինության ավերումը թույլ չտալու համար։ «Մենք հետևելու ենք սեփականության փոխանցման գործընթացին, մինչև այն պաշտոնապես չավարտվի»,- ասել է Կալկը։

«Հայկական ճամբար» անվամբ հայտնի այդ տարածքը պահպանելու համար հանրային պայքարը սկսվել է մայիսի 6-ին, այն լայն արձագանք է ստացել Ստամբուլում և ակտիվորեն քննարկվել է սոցիալական ցանցերում։ Լուրը, որ շինարարական ընկերությունը մտադիր է քանդել շինությունն ու այդ տարածքում շքեղ բնակելի համալիր կառուցել, մեծ վրդովմունք էր հարուցել Ստամբուլում, որտեղ հայերին աջակցություն են հայտնել նաև մեծ թվով թուրք քաղաքական և հասարակական գործիչներ։

Մարդիկ երեկ մեծ ոգևորությամբ են ընդունել շենքը պահպանելու որոշումը։ Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` «Հայկական ճամբարի» մոտ օրուգիշեր հերթապահող ակտիվիստներից շատերն արտասվել են։ 55-ամյա Կարապետ Օրոնուզը, ով 1967-75 թվականներին ապրել է այդ հայկական որբանոցում, ասել է, թե խոսքերով ի զորու չէ արտահայտել, թե ինչ է իր համար նշանակում «Հայկական ճամբարը»։ «Այս տեղը հիշողության կենտրոն է», - ասել է Օրոնուզը։

Պարբերականը նշում է, որ այդ որբանոցը կառուցվել է 1962 թվականին հայ բողոքական եկեղեցու նախաձեռնությամբ։ Շենքում ապաստանած հայ որբերը շնորհիվ այդ հաստատության պահպանել են իրենց ազգային ինքնությունը, մշակույթն ու լեզուն, քանի որ Անատոլիայում հայկական դպրոցներ չեն գործել։

1987 թվականին թուրքական իշխանություններն առգրավել էին համալիրը։ Հայերը պնդում են, որ պետության կողմից օտարումը կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով։

XS
SM
MD
LG