Մատչելիության հղումներ

Գյումրեցի անհատ տաքսու վարորդները արտոնյալ պայմաններ են պահանջում


Գյումրեցի տաքսիստների բողոքի ակցիան, արխիվ

Գյումրեցի տաքսիստների բողոքի ակցիան, արխիվ

Հայաստանի ամենաաղքատ՝ Շիրակի մարզում շուրջ 2500 անհատ տաքսու վարորդներ պահանջում են իրենց համար արտոնյալ պայմաններ սահմանել:

Վարորդները պնդում են՝ ի վիճակի չեն Կառավարության սահմանած նոր կարգի համաձայն ամսական 8000 դրամ վճարել ու մեքենան կահավորել հաշվիչով: Իշխանությունները, սակայն, հրաժարվում են զիջումների գնալ, անցած շաբաթավերջին պարզվեց, որ երկրի նախագահին, Ազգային ժողովի խոսնակին, վարչապետին ուղղված վարորդների դիմումը մերժվել է։

Արդեն երկրորդ ամիսը բողոքի ցույցեր անցկացնող վարորդները պահանջում են Շիրակում լիցենզիայի ամսական վճարը 8000-ի փոխարեն սահմանել 2500-3000 դրամ, այն էլ ուղղել ոչ թե պետական բյուջե, այլ Գյումրիի փողոցների բարեկարգմանն ու անօթևանների խնդրի լուծմանը։ Հրաժարվում են նաև տաքսոմետր տեղադրել՝ պնդելով, թե ի վիճակի չեն դրա դիմաց 60 հազար դրամ վճարել:

Կառավարությունը այլ թվեր է ներկայացնում, Տրանսպորտի ու կապի փոխնախարար Արամ Արսենյանը վարորդներին գրած նամակում պնդել էր, թե սարքը հնարավոր է գնել նաև 23 հազար դրամով: Փոխնախարարի պատասխանը զայրացրել էր վարորդներին։ «Առավոտնից իրիկուն կանգնիմգը, 500 դրամ փարա չեմ աշխատի, ուրդի՞ց տամ։ Ավտոյի մատոռը ռեմոնտ էնեմ, կալոս առնիմ, հարկայինը տամ, տունը հաց տանիմ, ո՞րն էնեմ։ Ուրեմն գողություն բդի էնեմ էս հասակիս»,- ասաց վարորդներից մեկը։

«40 համարի ավտոբուսը դատարկ կֆռռա, մենք ուրդի՞ց բդի պասաժիր ճարենք»,- ասաց մեկ այլ վարորդ։

Կառավարությանը վարորդներն իրենց բողոքը հասցրել էին Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մասնաճյուղի միջոցով։ Մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը «ջրիկ և շրջանցող» բնորոշեց կառավարությունից ստացած պատասխանը։

«Տառասխալներով պատասխան է, դա է մեր իշխանությունը, վեց էջանոց դիմումին ընդամենը կես էջանոց պատասխան են տվել, որտեղ փաստորեն մերժվում է վարորդների իրավացի պահանջը»,- ասաց Մարտիրոսյանը.- «Պատասխանում որևէ բան տնտեսագիտորեն հիմնավորված չէ։ Եթե 8 տարվա ընթացքում ավելի ճիշտ մոտենային այս հիմնախնդրի լուծմանը, և պետությունը կշահեր, և այդ մարդիկ, որոնք սրա պատճառով չէին արտագաղթի»։

Եթե տաքսու վարորդներին տուգանեն, տուրքը չվճարելու ու տաքսոմետր չտեղադրելու համար, ապա նրանք պատրաստ են փողոց դուրս գալ։

XS
SM
MD
LG