Մատչելիության հղումներ

Խորհրդարանական մոդելին ընդդիմացող ուժերի՝ միասնական ճակատ կազմելու հեռանկարը մշուշոտ է


Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ, 13-ը մարտի, 2015թ.

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ, 13-ը մարտի, 2015թ.

Կառավարման խորհրդարանական մոդելին ընդդիմացող քաղաքական ուժերը առայժմ չեն կարող միանշանակ հայտարարել, թե միասնական ճակատ կկազմեն այդ համակարգին անցում կատարող բարեփոխումների դեմ:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ հաստատեց, որ աշխատում են մեկ փաստաթղթի վրա՝ շեշտելով, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանող տարբերակ չեն ներկայացնելու, ինչը, ի դեպ, ավելի վաղ չէր բացառել Սերժ Սարգսյանը:

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց, որ քննարկումներն այս հարցով բացառվում են, և այսօր թերևս միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի այդ նախաձեռնության դեմ համախմբվելն է։

Մերժելով ներկայացված հայեցակարգը՝ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերը կարծես չեն շտապում դիրքորոշում հայտնել: «Բարգավաճ Հայաստանի» մամուլի խոսնակ Վահան Բաբայանը վաղաժամ է համարում համատեղ պայքարի մասին խոսակցությունները՝ միաժամանակ ընդգծելով, որ խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում կուսակցությունը բովանդակային որևէ քննարկման չի մասնակցի:

«Վաղաժամ է կարծիքներ հայտնելը, քանի դեռ վերջնական հստակեցված չէ նոր Սահմանադրության՝ կառավարման մոդելի այդ ինտրիգային մասը»,- ասաց նա։

Կուսակցության քաղխորհուրդը դեռ կքննարկի այս հարցը, ինչից հետո ավելի հստակ կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը,: Բաբայանը, այդուհանդերձ վստահեցնում է, որ համագործակցության առումով վերակազմավորված ԲՀԿ-ն սահմանափակումներ չունի.- «ԲՀԿ-ն տաբուներ չունի համագործակցության առումով։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն հարթակներում, որոնք բխում են մեր երկրի շահերից»։

Միասնական ճակատ կազմելու հարցում թերահավատ է «Ժառանգությունը»: Ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, ինչքան թվում է, «Ազատությանը» փոխանցեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ցանկալի կլիներ, որ միասնական գործողությունների դիմեն, բայց դա կարծես թե դա այնքան էլ ակնհայտ չէ այս պարագայում։ Ցավոք, նույն բանը ասող քաղաքական ուժերը երբեմն իրար ժխտում են, ուզում են ավելի շատ ընդդիմադիր երևալ»,- ասաց Մարտիրոսյանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մտադիր է արդեն աշնանը Սերժ Սարգսյանի սեղանին դնել նոր Սահմանադրության նախագիծը:

XS
SM
MD
LG