Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ամեն գնով կլուծի ղարաբաղյան հակամարտությունը. Մամեդյարով


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանը ամեն գնով կլուծի ղարաբաղյան հակամարտությունը, չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում։

Մամեդյարովը նշել է, որ խաղաղ կարգավորման բանակցություններում լավատեսության հիմք կա։

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող այս կարգավիճակում մնալ։ Դրա լուծման համար կա միջազգային իրավական բազա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը։ Հայաստանը չի կատարում այդ բանաձևերով նախատեսված իր պարտականությունները։ Հայաստանում իշխանության կգան առողջ բանականությամբ մարդիկ, որոնք կհասկանան, որ հարևանների հետ լավ հարաբերությունները հաջողության գրավական են»,- ասել է Մամեդյարովը։

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ազատությանը» ասել էր, որ Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների ընդհանուր հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասով անհամաձայնության պատճառով Մամեդյարովը լքել էր դահլիճը։

«Փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, և վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ»,- ասել էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին մասնակցող Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG