Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերջին մի քանի օրերի ընթացքում իրենց համար մեծ հաջողություններ գրանցեցին՝ Սիրիայում գրավելով պատմական Պալմիրա քաղաքը, Իրաքում՝ Ռամադին։

Այդ պատճառով ԱՄՆ-ի Կոնգրեսում հատկապես հանրապետական կոնգրեսականները պահանջում են, որ ԱՄՆ-ը հանդես գա ծայրահեղական այս խմբավորման դեմ ռազմական մեծ ուժով։ Սակայն Բարաք Օբամայի վարչակազմը դեռևս մերժում է ռազմավարությունը փոփոխության ենթարկելու առաջարկները։

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը համացանցում է տեղադրել տեսագրություններ վերջերս զավթված Պալմիրա քաղաքից, որն ունենալով բացառիկ պատմամշակութային կոթողներ՝ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում։ Այս կոթողները հնարավոր է ոչնչացվեն ԻՊ-ի կողմից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կոչ է անել բոլորին վերանայել այս խմբավորման դեմ որդեգրած ռազմավարությունը, վերանայել ռազմական գործողությունները, պաշտպանել ու պահպանել Պալմիրան։

ԱՄՆ-ի Սենատում հանրապետական օրենսդիրները նույնպես կոչ են անում ավելի համաձայնեցված, այդ թվում՝ ցամաքային ուժերի կողմից ռազմական գործողություններ իրականացնել։

«Անհրաժեշտ է հիմնել արաբական մի բանակ, որի մաս պիտի կազմեն նաև մեր ուժերը։ Այսպես է հարկավոր ոչնչացնել այդ խալիֆայությունը»,- ասել է սենատոր Լինդսի Գրահամը։

Կամ էլ, ըստ սենատորի, հարկավոր է լավ զինել քրդական ուժերին՝ փեշմերգային (Իրաքի Քուրդիստանի զինյալներին), որոնք այժմ մարտնչում են ընդդեմ արմատական այս խմբավորման։

Սենատոր Թեդ Քրուզի խոսքերով, ԻՊ-ն այժմ կիրառում է Իրաքում առգրավված ամերիկյան զենքերը, իսկ քրդերի զինատեսակները հնացած են ու մաշված.- «Խելամիտ չէ, որ Օբամայի վարչակազմը հրաժարվում է զինել քրդերին»,- ասում է նա։

Օբամայի վարչակազմը բացառում է մեկ այլ պատերազմում ամերիկյան զորքերի ներգրավման հնարավորությունը՝ հայտարարելով, թե նոր ու երկար պատերազմը չի բխում ԱՄՆ-ի շահերից։

Սենատոր Ռիչարդ Բլումենթալն ասում է, թե Իրաքի հողի վրա ամերիկյան զինվորի ոտք չպետք է դրվի։ Նրա կարծիքով՝ հակառակ պարագայում դրանից կտուժեն և Ամերիկայի, և տարածաշրջանի երկրների ժողովուրդները։

Ամերիկան շարունակում է մասնակցել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ օդային գրոհներին, ինչը նկատելի օգնություն է տեղի ուժերին։ ԱՄՆ-ը նաև ռազմական մարզումներ ու վերապատրաստում է անցկացնում Սիրիայի ընդդիմադիր ուժերի համար։ Սակայն արդյունքը դեռևս շատ տեսանելի չէ։ Շատերն են կարծում, որ արդյունքը նկատելի կդառնա ավելի ուշ։

XS
SM
MD
LG