Մատչելիության հղումներ

2003-2014-ին Վրաստանի արտահանումը ԵՄ տասն անգամ ավելի է աճել, քան Հայաստանինը


2003 թվականից ի վեր Վրաստանի արտահանումը 4.2 անգամ ավելի արագ է աճել, քան Հայաստանինը:

2003 թվականից ի վեր Վրաստանի արտահանումը 4.2 անգամ ավելի արագ է աճել, քան Հայաստանինը, և եթե «Վարդերի հեղափոխության» տարում հարևան երկրի արտահանման ծավալը զիջում էր հայաստանյանին, ապա 2014-ին Վրաստանը գրեթե երկու անգամ ավելի ապրանք է արտահանել, քան Հայաստանը:

Երկու երկրների ազգային վիճակագրական ծառայությունների համաձայն, 2003 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 685.5 միլիոն դոլար, Վրաստանինը՝ 461.3 միլիոն: Մինչդեռ 2014-ին Հայաստանն արտահանել է 1 միլիարդ 519.2 միլիոն դոլարի ապրանք ու ծառայություն, իսկ Վրաստանը՝ 2 միլիարդ 861.1 միլիոն:

Այսինքն՝ 2003-2014 թվականների ընթացքում հայաստանյան արտահանումը աճել է 121.6, վրացականը՝ 520.2 տոկոսով:

Հայաստանի իշխանությունները միշտ խոսել են արտահանման խթանման մասին, Հատկապես 2009-ի տնտեսական խորը ճգնաժամից հետո, երբ պաշտոնական տվյալներով տնտեսությունը 14.1տոկոսով անկում ապրեց, ինչը չորրորդ վատագույն ցուցանիշն էր աշխարհում, կառավարությունը սկսեց ավելի հաճախ խոսել արտահանման կարևորության մասին:

Տիգրան Սարգսյանի կառավարությունը անգամ մշակեց արտահանման խթանման մի ողջ ռազմավարություն, որը մոտ մեկ տարի պաշտոնյանները քննարկում էին տարբեր ոլորտների հայաստանյան ձեռնարկություններում:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ովկառավարությունից պահանջել էր մինչև 2017թվականը տարեկան ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, ինչը իրականություն չդարձավ ո՛չ 2013-ին, ո՛չ 2014-ին, անցած տարվա սեպտեմբերին Երևանում կայացած հայ-հունական գործարար համաժողովին հայտարարել էր․ - «Ստեղծվել են նաև պետական աջակցության մեխանիզմներ՝ ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և արտահանման ծավալների ավելացմանը»:

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանի խոսքով, Վրաստանի ու Հայաստանի արտահանումների աճի նման հսկայական տարբերությունը պարզորոշ ցույց է տալիս, թե որ երկրի իշխանություններ են իրապես կատարել բարեփոխումներ, հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար և պայքարել ցանկացած տնտեսություն դեգրադացիայի տանող մոնոպոլիաների դեմ:

«Պետք է գանք ամենասկզբից, մրցունակ ապրանք պետք է արտադրենք: Իսկ մրցունակ ապրանք արտադրելու համար պետք է սահմանափակենք, չէ՞, նմանատիպ ապրանքի մուտքը Հայաստան՝ անհավասար պայմաններում: Օրինակ, ի՞նչ ոլորտ ունենք, որ մենք կարող էինք առաջնային լինեինք թեկուզ ռուսական շուկայում: Կոշկեղենը միանշանակ բոլորը հնչեցնում են, ունենք այդ փորձը: Բայց այսօր կոշիկ արտադրողի կողքին ո՞վ է կանգնած: Կանգնած է ներմուծողը, որը թերհայտարարագրումներով հայտնվել է շուկայում ու գնային այնպիսի քաղաքականություն է վարում․․․ Այդ կոշիկ արտադրողը պարզապես լավագույն դեպքում գնացել է Ռուսաստանում է արտադրություն հիմնել կան իր ոլորտը փոխել է, դարձել է առևտուր անող», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավագյանը՝ նաև համաձայնելով դիտարկմանը, որ այդպիսով նորից գալիս ենք օլիգարխիկ, մոնոպոլիզացված տնտեսության:

Անցած տարվա դեկտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ սկանդալային հայտարարությամբ հանդես եկան Թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը և «Ագնեսսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանը: Նրանց խոսքով, յուրաքանչյուր տարի ապօրինաբար Հայաստան է ներմուծվում է մի քանի հարյուր միլիոն դոլարի հագուստ, տրիկոտաժ: Դրանք մաքսազերծվում են ցածր գներով, շուկա են մտնում էժան, արդյունքում՝ տեղական արտադրողները այլևս չեն կարողանում մրցակցել: Մինչդեռ մաքսային մարմիններում այս ճանապարհով «փող են աշխատում»:

Աշոտ Աղագուլյանը պատմեց, որ ավելի վաղ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին տեղեկացրել են, որ, օրինակ, 2012 թվականին 10 միլիոն զույգ կոշիկ է ներմուծվել Հայաստան, և զույգը գնաhատվել է ընդամենը մեկ դոլար ու մաքսազերծվել է այդ գնի հիման վրա․ - «Դամաշնիկ են ձևակերպել ու անցկացրել: Ասել են՝ ինչ է, ուզում եք մենակ դո՞ւք արտադրեք, նրանք էլ պիտի ապրեն․․․ Մենք դեմ չենք, որ նրանք էլ պիտի ապրեն: Մենք ասում ենք՝ բոլորս օրենքի սահմաններում ապրենք»:

Աշոտ Աղագուլյանի ներկայացրածի կապակցությամբ ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Էկոնոմիկայի նախարարությունը: Հայտարարությունում նշվում էր, թե «Ագնեսսա» ընկերության տնօրենի՝ քննարկումից հետո նախարարություն ներկայացրած տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Աշոտ Աղագուլյանի կողմից արված հայտարարությունը փաստերով հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը»:

Անցած տարիներին և այս օրերին էլ Հայաստանի իշխանությունները շարունակ պնդում են, թե պատրաստ են բարեփոխումներ իրականացնել նաև եվրոպական ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու համար: Սակայն նույն վիճակագրությունը փաստում է՝ 2003-2014 թվականների ընթացքում Վրաստանի արտահանումը ԵՄ մոտ տասը անգամ ավելի շատ է աճել, քան Հայաստանինը:

Երկու երկրների վիճակագրական ծառայությունների տվյալների համաձայն, 2003-ին Հայաստանի արտահանումը ԵՄ 263.5 միլիոն դոլար էր, Վրաստանինը՝ անհամեմատ ավելի քիչ 82.7 միլիոն: 2014 թվականին արդեն Հայաստանը Եվրամիսւթյուն արտահանել է 437.4 միլիոն դոլարի ապրանք ու ծառայություն, իսկ Վրաստանը՝ 620.8 միլիոնի: Այսինքն, շուրջ տասը տարվա ընթացքում Հայաստանի արտահանումը ԵՄ ավելացել է 65.9տոկոսով, Վրաստանինը՝ 650.6 տոկոսով:

Անգամ ռուսաստանյան ուղղությամբ Վրաստանն ավելի արդյունավետ է եղել, քան Հայաստանը՝ չնայած անցած տարիներին Մոսկվան լուրջ պատժամիջոցներ սահմանեց Թբիլիսիի նկատմամբ: Այսպես 2003-2014 թվականների ընթացքում Հայաստանիցարտահանումը ռուսական շուկա ավելացել է 226.6 տոկոսով ($94.4 միլիոնից հասել է $308.4 միլիոնի)՝ վրաստանյան արտահանումը 228 տոկոսով ($83.8 միլիոնից հասել է $274.9 միլիոնի):

XS
SM
MD
LG