Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ին ընդդիմադիրներից ոչ պակաս է մտահոգում հոսանքի թանկացումը․ Գագիկ Մելիքյան


ՀՀԿ-ին ընդդիմադիրներից ոչ պակաս է մտահոգում հոսանքի թանկացումը․ Գագիկ Մելիքյան
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Անդուհանդերձ, ՀՀԿ-ականները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցին չեն մասնակցի:

Իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահեցրեց, որ իշխանություններին ընդդիմադիրներից ոչ պակաս է մտահոգում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը։

«Հոսանքի թանակցումը ոչ միայն կբերի սպառման ծավալների նվազման: Կարծում եմ, որ դա բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև տնտեսական ակտիվության վրա», - ասաց Մելիքյանը:

Նա այս հարցով մտահոգություն հայտնող առաջին հանրապետականը չէ, այդուամենայնիվ, ՀՀԿ-ականները մայիսի 27-ին սակագնի բարձրացման դեմ նախատեսված բողոքի ցույցին չեն մասնակցի․ - «Հանրապետականը ընդհանրապես միտինգային տրամադրություններ երբևէ չի ունեցել»:

Եթե ՀՀԿ-ին բավարարում են այս հարցով քննարկումները, ապա ընդդիմադիր ուժերը չեն բացառում նաև փողոց դուրս գալու տարբերակը:

«Ժառանգության» ներկայացուցիչները կմասնակցեն՝ իրենց անհատական նախաձեռնությամբ:

«Դաշնակցություն»-ում հարցը դեռ չեն քննարկել, բայց ներկայացուցիչներ հաստատ կմասնակցեն:

Հայ ասզային կոնգրեսում էլ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցին կուսակցությունով են միանալու: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է, որքան շուտ ժողովուրդը դուրս գա փողոց, այնքան շուտ էլ կփակվի թեման։

«Սա պետք է դարձնել հզոր մի երթ, որը թույլ կտա իշխանություններին սթափեցնել, բերել մի վիճակի, որ իրենք հասկանան, որ ամեն ինչ չի, որ ժողովուրդը պատրաստ է մարսել», - ընդգծեց Զուրաբյանը:

Ընդդիմադիրները համակարծիք են՝ ոլորտում պետք է ուսումնասիրություններ կատարվեն:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի խոսքով, քանի դեռ դա չի արվել, ՀԷՑ-ը կարող է ցանկացած հիմնավորում ներկայացնել։

«Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ անգամ պատասխանատու պաշտոնյաների համար է շատ բան մութ և անհասկանալի։ Նա վստահ է՝ 17 դրամով սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի հայտը հիմնավորված չէ։

«Բավականին փնթի վիճակում է, այս համակարգը, անտեր վիճակում է, և պետք է կարողանալ հիմնավորապես ուսումնասիրել», - հայտարարեց Ռուկիբ Հակոբյանը:

«Դաշնակցություն»-ում էլ են ուսումնասիրում «Հայաստանի Էլեկտրական ցանցերի» հայտը։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ է, որ անգամ մեկ դրամով սակագնի բարձրացումը շատ լուրջ բացասական հետևանքներ կունենա։ Թանկացմանն ընդդիմացող ուժերը չեն բացառում նաև այս հարցով համագործակցելու տարբերակը։

«Ոչ թե պարզապես դեմ ենք իշխանություններին, դրա համար օգտագործենք ցանկացած առիթ, որպեսզի գտնենք համագործակցություն, այլ սեղանին դրված հարցը ո՞րն է և ինչպե՞ս կարող ենք այդ հարցը լուծել: Լուծման և հարցի բարձրացման ուղղությամբ պատրաստ ենք համագործակցել», - ասաց Մինասյանը:

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի կարծիքով էլ հնարավոր է վերականգնել փետրվարին խարխլված եռյակի համագործակցության ձևաչափը, քանի որ այն խնդիրները, որոնց դեմ պայքարում էին, հիմա էլ կան․ դեռ մի բան էլ ավելին․ - «Ես չեմ բացառում, որ էլեկտրականության խնդիրը կդառնա հենց այն փորձաքարը, որի վրա կկառուցվի էդ համագործակցությունը»:

«Բարգավաճ Հայաստան»-ում նույնպես պատրաստ են համագործակցության։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը անգամ փակագծերը բացեց․ «Ժառանգության», «Դաշնակցության» և ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ արդեն քննարկում են անցկացրել և որոշում ընդունել։

«Առաջիկայում լսումներ կլինի, մենք պաշտոնական տեսակետը պատկան մարմինների կլսենք, հետո մեր քայլերը կարող ենք ձևավորել, թե ոնց ենք առաջ շարժվելու», - նշեց Մելքումյանը:

Նման ձևաչափով ընդդիմադիրների նախորդ համագործակցությունը վերածվեց խշխանության դեմ միասնական հանրահավաքների: Արդյոք այս անգամ իշխող Հանրապետականում մտավախություն չկա, որ սակագնի հարցը կարող է իշխանափոխության նոր կոչերի պատճառ դառնալ։ Հանրապետական Գագիկ Մելիքյանը կարճ արձագանքեց․ - «Չեմ կարծում, որ դա ընդհանրապես մտահոգիչ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG